Սերժ Սարգսյան. Պատրաստ ենք ԼՂ հարցի կարգավորմանը, եթե Ադբեջանը ողջախոհություն ցուցաբերի

Սերժ Սարգսյան. Պատրաստ ենք ԼՂ հարցի կարգավորմանը, եթե Ադբեջանը ողջախոհություն ցուցաբերի

PanARMENIAN.Net - Հայաստանը պատրաստ է Լեռնային Ղարաբաղի հարցի խաղաղ կարգավորմանը, եթե Ադրբեջանի ղեկավարությունը ողջախոհություն ցուցաբերի: ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության փոխանցմամբ, այս մասին Մյունխենի անվտանգության համաժողովում հայտարարել է Սերժ Սարգսյանը:

Գերմանիայում Ադրբեջանի դեսպանության առաջին քարտուղար Սադի Ջաֆարովի դիտարկմանը, թե Հայաստանը կարող է միանալ տարածաշրջանային տրանսպորտային և էներգետիկ նախագծերին, եթե ադրբեջանցի բնակչությունը վերադառնա «Ադրբեջանի ինքնիշխանության ներքո գտնվելիք տարածքներ», Սերժ Սարգսյանը հակադարձել է, թե ինչպե՞ս կարող է Ղարաբաղի խնդիրը լուծվել, եթե Ադրբեջանի նախագահը տարածքային նկրտումներ է հանդես բերում Երևանի նկատմամբ:

«Երևանը ունի 2800 տարվա պատմություն, հայ ժողովուրդը առնվազն 5000 տարի ապրում է իր պատմական տարածքներում, և Ադրբեջանը կամ այլ ժողովուրդներ, ովքեր, Աստված գիտի, երբ են սկսել իրենք իրենց ինքնաճանաչել, չեն կարող կոտրել հայ ժողովրդի կամքը: Ղարաբաղի խնդիրը կարող է լուծվել, և Դուք, թեև ես դրանում մի քիչ կասկածում եմ, կարող եք վերադառնալ Ղարաբաղ կամ հարակից շրջաններ միայն ու միայն այն պարագայում, եթե ձեր երկրի ղեկավարությունը սթափվի և հրաժարվի իր անիրատեսական սպասելիքներից»,- ասել է նախագահը:

Սերժ Սարգսյանը նշել է, որ ղարաբաղցիներն էլ են ուզում ազատ ապրել իրենց պատմական հողի վրա, որտեղ ունեն հազարամյակների խորքից եղած ժառանգություն, և չեն ուզում՝ Ադրբեջանը ոչնչացնի այդ ժառանգությունը:

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը փետրվարի 17-ին աշխատանքային այցով մեկնել է Գերմանիայի Դաշնային Հանրապետություն`մասնակցելու Մյունխենի անվտանգության համաժողովին: Հանրապետության նախագահը համաժողովում հանդես է եկել ելույթով:

Մյունխենի համաժողովը հիմնվել է գերմանացի հրատարակիչ Էվալդ ֆոն Կլեստի կողմից 1962-ին` որպես ՆԱՏՕ-ի անդամ երկրների «պաշտպանական գերատեսչությունների ներկայացուցիչների նիստ»: Ներկա դրությամբ անվտանգության մյունխենյան համաժողովը միջազգային համաժողով է, որը հավաքում է աշխարհի ավելի քան 40 երկրների քաղաքական գործիչների, դիվանագետների, զինվորականների, գործարարների, գիտության և հասարակական գործիչների:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---