22 փետրվարի 2018 - 14:46 AMT
Դիզվառելիքի ու պարարտանյութերի սուբսիդավորմանը 1,4 մլրդ դրամ կհատկացվի

Գործադիրը փետրվարի 22-ի նիստում հողօգտագործողներին մատչելի գներով պարարտանյութի, սերմացուի և դիզվառելիքի տրամադրման դրմաշնորհային ծրագիր է հաստատել: Այս մասին հայտնում է ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Հողօգտագործողներին մատչելի գներով պարարտանյութի ձեռքբերման հարցում աջակցելու նպատակով ՀՀ կներկրվի 3000 տոննա պարարտանյութ: Պարարտանյութերի սուբսիդիան կկազմի 285 մլն դրամ, իսկ դրանք մարզկենտրոններից համայնքներ տեղափոխման համար պետբյուջեից կհատկացվի 18,7 մլն դրամ:

Հավանության է արժանացել նաև ՀՀ-ում 2018 թվականին գարնանացան ցորենի, ոլոռի, սիսեռի, գարու, եգիպտացորենի, առվույտի և կորնգանի արտադրության զարգացման ծրագիրը: Սերմերի գործակալության նպատակային հաշիվներից կօգտագործվի 746,5 մլն դրամ, որից 721,5 մլն դրամը` մինչև 1977,5 տոննա առաջին վերարտադրության գարնանացան ցորենի, ոլոռի, սիսեռի, առաջին վերարտադրության գարնանացան գարու, եգիպտացորենի, առվույտի, կորնգանի, ինչպես նաև՝ մինչև 164 տոննա գարնանացան գարու առաջին վերարտադրության սերմացու ձեռքբերելու նպատակով: Մինչև 25 մլն դրամը կհատկացվի բեռնաթափման, բարձման, գործուղման և այլ ծախսերի համար:

Հողօգտագործողներին մատչելի գներով դիզելային վառելիքի տրամադրման ծրագրի համար ՀՀ գյուղատնտեսության նախարարությանը կհատկացվի մինչև 360 մլն դրամ: