Մեդվեդևան Օլիմպիադայի արծաթե մեդալ է նվաճել

Մեդվեդևան Օլիմպիադայի արծաթե մեդալ է նվաճել

PanARMENIAN.Net - Ռուսաստանը ներկայացնող գեղասահքի աշխարհի և Եվրոպայի կրկնակի չեմպիոն Եվգենիա Մեդվեդևան (Բաբասյան) նվաճել է Փհենչհանում ընթացող 23-րդ ձմեռային Օլիմպիական խաղերի արծաթե մեդալը: Առաջին տեղում նույնպես ՌԴ-ն ներկայացնող 15-ամյա Ալինա Զագիտովան է:

Ազատ ծրագրում գեղասահորդուհիները հավաքել են 156,65 միավոր յուրաքանչյուրը, սակայն 2 ծրագրի միավորների հանրագումարով առաջինը Զագիտովան է, գրում է tjournal-ը:

Երկուսն էլ արդեն ունեին Օլիմպիադայի մեկ արծաթե մեդալ թիմային մրցումների արդյունքում: Մեդվեդևան այն ժամանակ հանդես եկավ կարճ ծրագրով, իսկ Զագիտովան՝ ազատ:

Փետրվարի 21-ին Մեդվեդևան (Բաբասյան) համաշխարհային նոր ռեկորդ էր սահմանել Օլիմպիադայի անձնական մրցումների կարճ ծրագրում: Նրա արդյունքը 81,61 միավոր էր: Սակայն 10 րոպե անց ՌԴ-ն ներկայացնող մեկ այլ գեղասահորդուհի Ալինա Զագիտովան գերազանցել է Մեդվեդևային՝ 82,92 միավոր ստանալով և նոր ռեկորդ սահմանելով:

Ավելի վաղ Մեդվեդևան (Բաբասյան) համաշխարհային ռեկորդով առաջին տեղն է գրավել Փհենչհանում մեկնարկած Օլիմպիական խաղերի թիմային մրցումների կարճ ծրագրում:Մեդվեդևան 81,06 միավոր է հավաքել և թարմացրել է իր իսկ ռեկորդը, որը նա սահմանել էր 2017-ի աշխարհի Տոկիոյում կայացած առաջնությունում (80,85): Մեդվեդևային արդյունքը թույլ տվեց ՌԴ թիմին երկրորդ տեղը զբաղեցնել կարճ ծրագրերի թիմային մրցումներում և շարունակել պայքարը մեդալների համար:

Բացի այդ 18-ամյա գեղասահորդուհին, որի համար մեկնարկած Օլիմպիադան առաջինն է կարիերայում, բազում համաշխարհային ռեկորդներ է սահմանել ազատ ծրագրում և երկու ծրագրի արդյունքներով (241,31):

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---