Նևզորովը պատասխանել է Ադրբեջանի «հիստերիկ արձագանքին» Ալիևի «խելագարության» մասին իր դիտարկմանը (վիդեո)

Նևզորովը պատասխանել է Ադրբեջանի «հիստերիկ արձագանքին» Ալիևի «խելագարության» մասին իր դիտարկմանը

PanARMENIAN.Net - Դեռևս խորհրդային շրջանից հայտնի ռուս լրագրող Ալեքսանդր Նևզորովը պատասխանել է Ադրբեջանի «հիստերիկ արձագանքին» Ալիևի «վտանգավոր խելագարության» մասին իր դիտարկմանը: Նոր հայտարարությունը լրագրողն արել է «Էխո Մոսկվի» ռադիոկայանի «Նևզորովի չորեքշաբթիները» հաղորդման ժամանակ՝ մեկնաբանելով Ադրբեջանի նախագահի արտաքին քաղաքականության հարցերով օգնական Նովրուզ Մամեդովի արձագանքը:

Մամեդովն իր ֆեյսբուքյան էջում գրել էր, որ «Նևզորովը չի գիտակցում, որ ինքը ոչ միայն չկայացած անձնավորություն է, այլ ուղղակի անոմալ մի երևույթ, նա human being ֆեյք է: «Նա այնքան անոմալ է, որ այն ամենն, ինչ ստեղծում է, մեռնում է 600 վայրկյան անց:Նա, լավ կլինի, «ստեղծագործի» հոգեբուժարանում: Այնտեղ նրան կհասկանան»,-ասվում է գրառման մեջ:

«Էխո»-ի նախորդ թողարկման մեջ ես ընդամենը Ալիևին վտանգավոր խելագար եմ անվանել: Ադրբեջանական կողմն անհապաղ գերգրգռվեց: Լսեք միայն, թե ինչպես են ինձ կոչում: Ինձ անվանում են փչացած ավանակ, խղճուկ էշ, չկայացած ավանակ, ուղղակի ավանակ, զազրելի անոմալիա և հիմար: Եվ դա լրագրողներ չեն: Դա կառավարական մակարդակում է ասվում: Իմ մասին պաշտոնական ռեզյումեում այդպես է գրում նախագահի աշխատակազմի ինչ-որ հսկա՝ Նովրուզ Մամեդովը, որը պատասխանատու է ամբողջ արտաքին քաղաքական գործունեության համար»,-ասել է Նևզորովը:

«Երևանը վերադարձնելու իր զառանցանքով Ալիևը մեր աչքի առաջ հիմք դրեց հնարավոր փոխադարձ զանգվածային սպանություններին: Նա ստեղծում է գաղափարախոսություն, այն զազրանքը, որը հետո անպայման իր ազդեցությունը կունենա և տասնյակ հազարավոր կրակոցների կվերածվի: Այ հիմա պետք է ազնիվ, արիաբար և իմաստուն լինել և ասել, որ չկան այդպիսի տարածքային նկրտումներ, ներեք, դե, մի հիմարություն էր՝ ասացի: Դրա համար ընդամենը քաջություն է պետք»,-ասել է Նևզորովը:

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հերթական անգամ սպառնալից ելույթ է ունեցել, այս անգամ «Ենի Ադրբեջան» կուսակցության համագումարում, որտեղ հայտարարել է, թե «Երևանն ու Զանգեզուրն ադրբեջանցիների պատմական հողերն են»: «Եվ ադրբեջանցիները պետք է վերադառնան այդ հողեր: Դա է մեր քաղաքական և ռազմավարական նպատակը և մենք պետք է փուլ առ փուլ մոտենանք այդ նպատակին»,-ասել է Ալիևը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---