14 մարտի 2008 - 14:12 AMT
Ռուսաստանի Պետդուման խորհուրդ է տալիս կառավարությանը դիվանագիտական ներկայացուցչություններ բացել ԱՊՀ չճանաչված պետություններում
ՌԴ Պետդումայում Վրաստանի եւ Մոլդովայի տարածքում չճանաչված հանրապետությունների կարգավիճակին նվիրված խորհրդարանական լսումների մասնակիցները խորհուրդ են տալիս կառավարությանը քայլեր ձեռնարկել նրանց հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու ուղղությամբ:

Մարտի 13-ին ՌԴ Պետդումայի պատգամավորները քննարկել են Աբխազիայի, Հարավային Օսեթիայի եւ Մերձդնեստրի անկախությունը ճանաչելու հնարավորությունը: Խորհրդարանական լսումների մասնակիցները խորհուրդ են տվել գործադիր իշխանությանը քննարկել այդ չճանաչված երկրների տարածքում Ռուսաստանի առաքելություններ բացելու հարցը: Պատգամավորները ձեռնպահ մնացին նրանց ինքնիշխանությունը ճանաչելու միանշանակ կոչից:

Աբխազիայի Ժողովրդական ժողովի նախագահ Նուգզար Աշուբան, ելույթ ունենալով լսումներում, հայտարարել է, թե մի քանի տասնյակ պետությունների կողմից Կոսովոյի անկախացման ճանաչումից հետո Ռուսաստանն լիիրավ է ճանաչել Աբխազիայի ինքնիշխանությունը:

«ՌԴ-ն այժմ, Կոսովոյի նախադեպից հետո, բավական հիմքեր ունի բացահայտ ասելու համար աշխարհին Աբխազիայի անկախությունը ճանաչելու մասին: Այդպիսով Ռուսաստանը կամրապնդի իր միջազգային կշիռը եւ ազդեցությունը որպես աշխարհի առաջատար երկրներից մեկը: Հանրապետության անկախությունը ճանաչել «ներքուստ» պատրաստ է նաեւ վրացական ղեկավարությունը: Վրաստանի ղեկավարությունը հնարավորություն կստանա լուծելու բազում սոցիալ-տնտեսական խնդիրներ, իսկ վրաց ժողովուրդը, վերջապես, կձերբազատվի պատերազմի սպասումից»,-ընդգծել է Աշուբան, հաղորդում է Deutsche Welle-ն: