28 փետրվարի 2018 - 10:38 AMT
ՀՀ-Իրան 2-րդ էլեկտրահաղորդման գիծը կարող է շահագործվել արդեն 2019-ի վերջին

Իրան-Հայաստան 400 կՎ երրորդ էլեկտրահաղորդման գիծն ակնկալվում է շահագործման հանձնել 2019 թվականի վերջին: ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ, այս մասին վարչապետ Կարեն Կարապետյանի հետ հանդիպմանն ասել է Իրանի էներգետիկայի նախարար, հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի համանախագահ Ռեզա Արդաքանիանը:

Նախարարը մասնավորապես տեղեկացրել է, որ երրորդ էլեկտրահաղորդման գծի հետ կապված աշխատանքները հաջողությամբ են ընթանում:

Ռեզա Արդաքանիանը հայտնել էր նաև, որ գազի և էլեկտրաէներգիայի փոխանակման հարցում շատ լավ բանակցություններ են վարվել, և Իրանը պատրաստ է Հայաստան արտահանվող գազի ծավալներն ավելացնել:

Ռեզա Արդաքանիանը հայտնել է նաև, որ վերջնական տեսքի է բերվել մաքսային ոլորտում գործակցության խորացմանը միտված փաստաթուղթը և ներկայացվել է ստորագրման: Հանդիպմանը կարևորեվել է նաև «Արաս» և Մեղրի ազատ տնտեսական գոտիների գործակցության խորացումը՝ ընդգծելով, որ իրանցի ներդրողները շահագրգռված են այս հարցում:

Ավելի վաղ ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի տեղակալ Հայկ Հարությունյանը հայտարարել էր, որ Հայաստանն այս պահին չունի գազի գնի ավելի մրցունակ առաջարկ, քան Ռուսաստանինն է: Նրա խոսքով՝ մինչ այսօր Իրանի կողմից չի եղել ավելի էժան գնով գազ վաճառելու առաջարկ, քան ռուսականն է:

Հայկ Հարությունյանը նաև հայտնել էր, որ 2017 թվականին Հայաստանը Իրանից ներմուծել է 382 մլն 700 հազար խմ գազ, ինչը 2016 թ-ի համեմատ աճել է 2,7 %, իսկ ՌԴ-ից ներմուծվել է 1 մլրդ 996 մլն խմ գազ՝ աճը 2016 թ-ի համեմատ կազմելով 7%: Նա միաժամանակ նշել էր, որ Հայաստանը Իրանի հետ շարունակում է աշխատել. «Նախատեսում ենք գազ-էլեկտրաէներգիա գործարքի շրջանակներում ծավալների ավելացում, և ոչ մի սահմանափակում չկա, ընթացիկ բանակցություններ են, որոնք տարվում են մշտապես: Ծավալներն ավելացնելու որևէ խոչընդոտ չեմ տեսնում, և այս տարի էլ ավելացումը լինելու է բավականին տեսանելի»,- ընդգծեց նա: