14 մարտի 2008 - 14:53 AMT
Եվրախորհրդարանը կոչ է արել ղարաբաղյան հակամարտության կողմերին վերադառնալ խաղաղ բանակցությունների
Եվրախորհրդարանը կոչ է արել Ադրբեջանին ու Հայաստանին ձեռնպահ մնալ բռնություններից եւ չմտածված գործողություններից: Այդ մասին ասվում է Ադրբեջանի եւ Հայաստանի զինված ուժերի շփման գծում իրավիճակի սրման կապակցությամբ հրապարակված հայտարարության մեջ: Հայտարարության մեջ ասվում է, որ Եվրախորհրդարանն ափսոսում է այն մասին, որ փոխհրաձգության արդյունքում այդքան մարդ է զոհվել եւ կոչ է անում կողմերին վերադառնալ խաղաղ բանակցություններին: Եվրախորհրդարանը կրկին կարեւորում է ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերը: Բացի այդ, հայտարարության մեջ խոսվում է փետրվարի 19-ի նախագահական ընտրությունների հետ կապված Հայաստանի իրավիճակի մասին: Եվրախորհրդարանը կոչ է անում Հայաստանին դադարեցնել արտակարգ դրությունը եւ ձեռնպահ մնալ բռնությունից, հաղորդում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը:

Հիշեցնենք, որ մարտի լույս 4-ի գիշերը Ադրբեջանի ԶՈՒ դիվերսիոն-հարձակողական խումբը հարձակվել էր ԼՂՀ Պաշտպանության բանակի առաջնային մարտական դիրքի վրա ԼՂՀ Մարտակերտի շրջանի Լեւոնարխ գյուղի մոտ եւ ժամանակավորապես իր վերահսկողությունը հաստատել այնտեղ: Պատասխան գործողությունների արդյունքում դիվերսանտները ետ են շպրտվել նախկին դիրքեր: Ադրբեջանական կողմից զոհվել է 8 զինծառայող, հայկական կողմից` վիրավորվել է մեկ զինվոր: Հրադադարի ռեժիմի եւս մեկ խախտում է գրանցվել մարտի 7-ին: