Ամերիկացի կոնգրեսականները կոչ են արել պահպանել Երեւանին եւ Բաքվին տրամադրվող ռազմական օգնության հավասարությունը

PanARMENIAN.Net - Երեկ կայացած ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտասահմանյան ծրագրերի ֆինանսավորման ենթակոմիտեի լսումներին օրենսդիրները լուրջ անհանգստություն են հայտնել Հայաստանին տրամադրվող ֆինանսական օգնության ծավալի առիթով, որը առաջարկվել է ԱՄՆ աշխատակազմի կողմից 2009 ֆինանասական տարվա համար: Կոնգրեսականներ Ադամ Շիֆն ու Ջո Նոլենբերգը բարձրացրել են Ադրբեջանին Հայաստանից ավելի մեծ ծավալի ռազմական օգնություն տրամադրելու հարցը: Ադամ Շիֆը հարցրել է ԱՄՆ պետքարտուղար Քոնդոլիզա Ռայսին` ինչպես բացատրել աշխատակազմին այն, որ ռազմական կրթության ծրագրերի իրագործման համար Ադրբեջանին ծրագրվում է տրամադրել $900.000, իսկ Հայաստանին` $300.000:



Կոնգրեսականը, մասնավորապես, բոլորի ուշադրությունը հրավիրել է Ադրբեջանում շարունակվող ռազմատենչ հայտարարություններին եւ ռազմական ծախսերի մեծացմանը, ինչը կարող է Բաքվին Հայաստանից քիչ ռազմական օգնություն տրամադրելու պատճառ դառնալ: Ադամ Շիֆը նկատել է, որ օրերս Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հայտարարել է, որ Հայաստանը հաղթանակ չի տարել պատերազմում եւ որ պատերազմն ինքը չի ավարտվել, ավարտվել է միայն առաջին փուլը: Կոնգրեսականը նաեւ բոլորի ուշադրությունը հրավիրել է նրան, որ ադրբեջանցի նախագահը հավելել է, որ Լեռնային Ղարաբաղը երբեք չի անկախանա:

Ջո Նոլենբերգի կարծիքով, դա ոչ միայն Ադրբեջանի ռազմատենչ հայտարարություններն են, այլ պատերազմի վերսկսման իրական վտանգ, ինչը շատ է անհանգստացնում կոնգրեսականներին: Նա հավելել է, որ Ադրբեջանի կողմից հրադադարի խախտման վերջին դեպքը ամենից լուրջն էր վերջին 10 տարիներին, եւ հավելել է, որ ԱՄՆ վարչակազմը պետք է վերանայի Ադրբեջանին ռազմական աջակցություն ցուցաբերելն ընդհանրապես:



«Մենք պետք է դադարեցնենք կամ նախազգուշացնենք, որ կարող ենք դադարեցնել ֆինանսական օգնություն տրամադրել Ադրբեջանին, մինչեւ Բաքուն վերջ չտա իր սպառնալիքներին Հայաստանի նկատմամբ»,- հայտարարել է Ջո Նոլենբերգը, հավելելով, որ լուրջ քայլեր ձեռնարկելու ժամանակն է: Կոնգրեսականը ԱՄՆ Կոնգրեսի Հայաստանի աջակցության խմբի համանախագահ Ֆրենք Փալոունի հետ միասին դատապարտել է Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի խախտումը ԼՂՀ ԶՈՒ հետ շփման գծում:



Խոսելով Հայաստանի ներքաղաքական իրավիճակի մասին` Ջո Նոլենբերգը հայտարարել է, որ այս դժվարին պահին ԱՄՆ-ն պետք է ավելի մեծ ջանքեր ներդնի Հայաստանի ժողովրդավարական ինստիտուտներին աջակցելու համար: Կոնգրեսական Ադամ Շիֆը իր հերթին հավելել է, որ Հայաստանին տրամադրվող օգնության ծավալի կրճատման հիմնավորումը երկրում տիրող ներքաղաքկան իրադրությամբ չի կարգավորի գոյություն ունեցող խնդիրները:



Հիշեցնենք, որ ԱՄՆ աշխատակազմի կողմից Հայաստանին 2009 թվականի համար առաջարկվող օգնությունը` $24 մլն, փաստորեն 60 տոկոսով քիչ է 2008 թվականին տրամադրված օգնությունից: ԱՄՆ աշխատակազմի կողմից առաջարկված բյուջեի նախագիծը նաեւ խախտում է Կոնգրեսի 2001 թվականի որոշումը` Հայաստանին եւ Ադբեջանին տրամադրվող ռազմական օգնության հավասարության մասին:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---