1 մարտի 2018 - 12:02 AMT
ՊՆ փոխհրամանատարը մոտ 40 մլն դրամի դեղամիջոց ու սարքավորում է հափշտակել

2015-2017 թվականներին Հայաստանի պաշտպանության նախարարության N զորամասի (կենտրոնական դեղաբազա) հրամանատարի տեղակալն ու պաշտոնատար այլ անձիք, չարաշահելով իրենց պաշտոնեական դիրքը, հափշտակել են մոտ 40 մլն դրամի ընդհանուր արժողության տարբեր դեղամիջոցներ և սարքավորումներ: Այս մասին հայտնում է ՀՀ դատախազության հանրային կապերի բաժինը:

Հարուցվել է քրեական գործ, որի նախաքննության նկատմամբ դատախազական հսկողություն է իրականացվում ՀՀ զինվորական դատախազության ՀՀ ՔԿ ԶՔԳՎ ՀԿԳ քննության վարչությունում քննվող գործերի բաժնի դատախազի կողմից։

Հրամանատարի տեղակալը ձերբակալվել է, ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և այլ դատավարական, ինչպես նաև օպերատիվ-հետախուզական գործողություններ՝ ինչպես դեպքի բոլոր հանգամանքները, այնպես էլ ներգրավված անձանց շրջանակը պարզելու և նրանց արարքներին քրեաիրավական գնահատական տալու նպատակով:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: