Արմեն Սարգսյան. Պատրաստ եմ լիովին նվիրվելու գործին 3 մարտի 2018 - 10:41 AMT PanARMENIAN.Net - Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է Ազգային ժողովի կողմից մարտի 2-ին Հանրապետության նախագահ ընտրված Արմեն Սարգսյանին, որը Սահմանադրության համաձայն պաշտոնը կստանձնի Հանրապետության նախորդ նախագահի լիազորությունների ավարտման օրը: Սերժ Սարգսյանը շնորհավորել է Արմեն Սարգսյանին Հանրապետության նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ, մաղթել հաջողություններ և վստահություն հայտնել, որ Հայաստանի համար ապագա տարիները լինելու են լավագույն ձեռքբերումների տարիներ: «Սա, անշուշտ, շատ կարևոր իրադարձություն է մեր ժողովրդի և պետության կյանքում և, իհարկե, շատ կարևոր հանգրվան է խորհրդարանական ժողովրդավարության կայացման ճանապարհին: Վստահ եմ, որ Դուք լավագույնս եք կատարելու ՀՀ նախագահի պարտականությունները: Այս ընթացքում ուշադրությամբ հետևելով Ձեր հանդիպումներին՝ ես ուղղակի համոզված եմ, որ ամեն ինչ լավ է լինելու: Մինչև Ձեր պարտականությունների ստանձնումը մնացել է քառասուն օր: Այս քառասուն օրերի ընթացքում Դուք ամբողջովին կարող եք ապավինել իմ աշխատակազմի, մեր պետական կառույցների բոլոր պաշտոնյաների աջակցությանը և տնօրինեք այդ ժամանակը ինչպես կցանկանաք, որովհետև այդ դժվար և պատվաբեր պարտականությունները կատարվում են ի շահ մեր ժողովրդի: Մեկ անգամ ևս սրտանց շնորհավորում եմ Ձեզ»,-ասել է նախագահ Սերժ Սարգսյանը, հայտնում է նախագահի մամուլի ծառայությունը: Հանրապետության նորընտիր նախագահ Արմեն Սարգսյանը շնորհակալություն է հայտնել նախագահ Սերժ Սարգսյանին շնորհավորանքի և բարեմաղթանքների համար: Նա նշել է, որ ընտրվելուց առաջ ժամանակ է ունեցել ոչ միայն մտածելու, այլ նաև գործելու՝ հանդիպելու հայրենակիցներին տարբեր երկրներում՝ սկսած հայրենիքից՝ Հայաստանից, հայրենի Արցախից, հանդիպելու և՛ ղեկավարությանը, և՛ առանձին անհատների, տարբեր կուսակցությունների ու սփյուռքի կառույցների: «Ավարտելով այդ հանդիպումները և այսօր ընտրվելով ՀՀ հաջորդ նախագահ՝ թույլ տվեք նախ և առաջ իմ երախտագիտության խոսքը ասել Ձեզ՝ որպես ՀՀ երրորդ նախագահի, որպես ազգային հերոսի և առաջնորդի, որ իր կյանքի երեսուն տարիները նվիրել է իր ժողովրդին, իր հայրենիքին՝ սկսած Արցախի ազատամարտից մինչև այսօր: Եվ թույլ տվեք նաև իմ երախտագիտությունը հայտնել հատկապես Ձեր նախագահության տարիներին այն կառուցողական աշխատանքի համար, որ կատարել եք: Սա ասում եմ որպես Հայաստանի պարզ քաղաքացի և մեկը, ով վերջին առնվազն մեկուկես ամսվա ընթացքում հանդիպելով առանձին հայրենակիցների, նրանցից շատերից լսել է այս խոսքերը: Իհարկե, շատ գնահատելի է վերջին տարիների ընթացքում Ձեր տեսլականը և փոփոխությունները, որոնք կատարվում են մեր հայրենիքում՝ անցումը դեպի նոր՝ խորհրդարանական կառավարման հանրապետության, որը նոր դռներ է բացում ժողովրդավարության ամրապնդման համար»,-ասել է Արմեն Սարգսյանը: Նա հավելել է, որ Հայաստանի անդամակցությունը Եվրասիական տնտեսական միությանը, Հայաստանի շատ ավելի խորը հարաբերությունները և պայմանավորվածությունները Եվրամիության հետ, մասնակցությունը նոր բազմաթիվ միջազգային կառույցներին և, ընդհանրապես տնտեսության մեջ տեղի ունեցող նոր դրական փոփոխությունները հիմք են տալիս վստահությամբ նայելու ապագային և մեծ լավատեսություն են ներարկում, որ ապագա տարիները լինելու են ակտիվ աշխատանքի տարիներ: «Պատրաստ եմ լիովին նվիրվելու այս գործին Սահմանադրությամբ նախատեսված նախագահական գործունեության սահմաններում՝ ամբողջ սրտով, հոգով և իմ փորձառությունը, իմ գիտելիքները ներդնելով այդ շատ կարևոր գործին: Գործի, որը իրականում նաև շարունակությունն է Հանրապետության առաջին, երկրորդ և Ձեր նախագահության տարիների»,-ասել է նորընտիր նախագահ Արմեն Սարգսյանը: Մարտի 2-ին ՀՀ Ազգային ժողովը Հայաստանի չորրորդ նախագահ է ընտրել Արմեն Սարգսյանին: Հանրապետության նախագահի ընտրության քվեարկության արդյունքներն ամփոփել է ՀՀ ԱԺ ժամանակավոր հաշվիչ հանձնաժողովի նախագահ Գագիկ Մելիքյանը: 105 պատգամավորներից քվեարկությանը մասնակցել է 101-ը, անվավեր է ճանաչվել 1 քվեաթերթիկ, 90 պատգամավոր կողմ է քվեարկել, իսկ 10-ը՝ դեմ: Ուշագրավ Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին Ամենաընթերցվողը բաժնում | Ադրբեջանում հայտարարել են, որ Ղազախի շրջանում ականի պայթյունից սահմանապահ է վիրավորվել Նշվում է, որ տարածքը, որտեղ տեղի է ունեցել դեպքը, հարում է այն հատվածին, որը «Հայաստանի հետ շփման գիծ էր» ԱՆ․ Տավուշում գործընթացի վերաբերյալ կեղծ թեզեր են հնչում Դրանցից ամենատարածվածներին նախարարությունն անդրադարձել է իրավական տեսանկյունից Բալայան․ ՀՀ-ԵՄ հարաբերությունները հիմնված են հայկական ազգային շահերի վրա Նա հավելել է, որ դա սպառնալիք չէ Մոսկվայի համար Կիրանցի ղեկավարը՝ Փաշինյանի հետ Երևանում հանդիպելու առաջարկի մասին. Դեռ չենք որոշել Վարչապետի աշխատակազմից ասել են, որ տեղեկություն չունեն |