15 մարտի 2008 - 15:50 AMT
Մեթյու Բրայզա. Օրակարգում Ղարաբաղի հակամարտության կարգավորման եզակի եւ հիմնավոր սկզբունքներն են
Կոսովոյի ճգնաժամի եւ Լեռնային Ղարաբաղում իրադրության սրման միջեւ, որտեղ Ադրբեջանն ու Հայաստանը հայտնվեցին պատերազմի եզրին, կապ չկա: Այդ մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարի օգնականի տեղակալ, Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Մեթյու Բրայզան: «Ընդհանուր առմամբ, նշանակություն չունի, որ ինչ-որ մեկը դրանում կապ է տեսնում: Մեզ համար կարեւոր է հիշեցնել` որոնք են մեր նպատակներն ու քաղաքականությունը: Մենք աջակցում ենք Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը, մենք գտնում ենք, որ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը հանդիսանում է բանակցությունների առարկա: Մենք նաեւ կոչ ենք անում կողմերին հավատարիմ մնալ հրադադարի ռեժիմին: Մենք լրջորեն անհանգստացած էինք, որ հրադադարը խախտվեց, եւ բախումներ եղան հայկական եւ ադրբեջանական ստորաբաժանումների միջեւ: Երկու կողմերն էլ պետք է նվազեցնեն լարվածությունը: Ոչ ոք չպետք է փորձի տեղի ունեցած ողբերգական բախումներից քաղաքական շահ քաղել»,- ընդգծել է ամերիկացի միջնորդը:

Նրա խոսքերով, մեծ տարբերություն կա Ղարաբաղի հակամարտության կարգավորման նկատմամբ Լեւոն Տեր-Պետրոսյանի եւ Սերժ Սարգսյանի մոտեցումների միջեւ: «Մինսկի խումբը երբեք այսքան ինտենսիվ չի աշխատել կոնկրետ քայլեր մշակելու համար: Եւ այդ առումով, ներկա ծրագիրը տարբերվում է այն ամենից, ինչ մինչ այդ էր առաջարկվել: Այդ պատճառով հիմքեր չկան` համեմատելու այն ծրագրերը, որոնք եղել են Լեւոն Տեր-Պետրոսյանի օրոք, Ռոբերտ Քոչարյանի եւ Հեյդար Ալիեւի օրոք 2001 թվականին: Մենք բավական առաջ ենք գնացել այն ժամանկվանից: Եւ օրակարգում սկզբունքային հարցերի համակարգ է, որոնք կարելի է քննարկել եւ որոնք պետք է հանգեցնեն Ադրբեջանին տարածքների վերադարձին, գաղթականների վերադարձին: Դա ընդգրկում է Լեռնային Ղարաբաղն ու Հայաստանը կապող միջանցքը, միջազգային խաղաղապահների ներկայությունը: Այսինքն, բոլոր այդ առաջարկությունները կդառնան միջազգային համաձայնագրի հիմքը, որը կաջակցի տարածաշրջանի բարգավաճմանը: Այնպես որ, օրակարգում Ղարաբաղի հակամարտության կարգավորման եզակի եւ հիմնավոր սկզբունքներն են, որոնք անհրաժեշտ է կյանքի կոչել»,- ասել է Բրայզան, հաղորդում է «VOA News»-ը: