17 մարտի 2008 - 15:20 AMT
Սաուդյան Արաբիան շահագրգիռ է Հայաստանի հետ համագործակցության հարցում եւ մտադիր է ուսումնասիրել երկրի ներդրումային հնարավորությունները
Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր ընդունել է Սաուդյան Արաբիայի Թագավորության արքայազն Ալուալիդ բին Թալալ բին Աբդուլ Ազիզ ալ Սաուդին եւ արքայադուստր Ամիրային: Այդ մասին հաղորդում է նախագահի մամլո ծառայությունը: Ողջունելով բարձրաստիճան հյուրերին, նախագահն ասել է, որ Հայաստանը չափազանց ջերմ, ընդարձակ եւ բազմաշերտ հարաբերություններ ունի արաբական աշխարհի շատ երկրների հետ: Այդ հարաբերություններում նա առանձնահատուկ կարեւորել է տեղի հայ համայնքի կառուցողական դերը: Սաուդյան Արաբիայի արքայազնը ընդգծել է իր ջերմ զգացումները հայ ժողովրդի նկատմամբ եւ նշել, որ ունի բազմաթիվ հայ ընկերներ: Նա ասել է, որ հետաքրքրված լինելով նաեւ Հայաստանով, նպատակ ունեն ուսումնասիրել երկրի ներդրումային հնարավորությունները, մասնավորապես զբոսաշրջության, հյուրանոցային բիզնեսի ոլորտներում: Նշելով, որ նրանց գրավող ոլորտները Հայաստանի տնտեսության զարգացման համար գերակա ուղղություններ են, Ռոբերտ Քոչարյանն ասել է, որ կառավարության կողմից լուրջ համագործակցության պատրաստակամություն անպայման կլինի: