Առանց փաստաթղթի ՀՀ-ում բնակվողները 50-100.000 դրամով կտուգանվեն

Առանց փաստաթղթի ՀՀ-ում բնակվողները 50-100.000 դրամով կտուգանվեն

PanARMENIAN.Net - Առանց վավերական արտոնագրի կամ կացության կարգավիճակի Հայաստանում բնակվող օտարերկրացիները կտուգանվեն 50.000-100.000 դրամ: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ, ոստիկանության գնդապետ Մնացական Բիչախչյանը:

Հաշվի առնելով, որ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 201 հոդվածով նախատեսվող սանկցիան հարաբերական որոշակի է՝ նշված է նվազագույն և առավելագույն սահմանը, ԱՎՎ պետի հրամանով հստակ սահմանվել են չափորոշիչներ, որոնք թույլ են տալիս միատեսակ վարչարարություն կիրառել, ինչպես նաև զերծ մնալ կոռուպցիոն ռիսկերից։

Մեկ տարվա ընթացքում առաջին անգամ վերը նշված օրենքի 201 հոդվածի 1-ին մասի պահանջը խախտելու դեպքում տուգանք է նշանակվում 50.000 դրամի չափով: Վերջին մեկ տարվա ընթացքում այդ պահանջը խախտելու դեպքում, եթե օտարերկրացին օրինական բնակության ժամկետի ավարտից հետո ՀՀ-ում գտնվել է՝ մինչև 30 օր, կտուգանվի 60.000 դրամով, 31 օրից մինչև 60 օր՝ 70.000 դրամ, 61 օրից մինչև 90 օր՝ 80.000 դրամ, 91 օրից մինչև 120 օր՝ 90.000 դրամ, 121 օրից ավելի դեպքում՝ 100.000 դրամ։

ՀՀ օրենսգրքի 201 հոդվածի 1-ին մասով նախատեսված վարչական իրավախախտումը մեկ տարվա ընթացքում երեք և ավելի անգամ թույլ տալու դեպքում օտարերկրացին տուգանվում է 100.000 դրամի չափով։

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---