10 մարտի 2018 - 10:43 AMT
Բեռլինում մեկնարկում է շախմատի աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարը. ՀՀ նախագահը առաջին քայլը կկատարի

ՀՀ նախագահ, Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 9-ի երեկոյան Բեռլինում ներկա է գտնվել շախմատի աշխարհի չեմպիոնի կոչման հավակնորդների մրցաշարի բացման հանդիսավոր արարողությանը: Նախագահ Սարգսյանն այդ արարողությանը մասնակցել է պատվավոր հյուրի կարգավիճակով` որպես գնահատական այն ներդրման, որն ունեցել է Հայաստանը շախմատի զարգացման և հանրայնացման գործում:

Մրցաշարի բացման կապակցությամբ նախագահը հանդես է եկել ելույթով՝ նշելով, որ մեծ իրադարձություն է համաշխարհային շախմատի համար. մեկնարկում է հավակնորդների մրցաշարը, որին անհամբեր սպասում են միլիոնավոր երկրպագուներ աշխարհի բոլոր անկյուններում:

Հանդիսավոր արարողության ժամանակ ելույթներ են ունեցել նաև Գերմանիայի շախմատի ֆեդերացիայի նախագահ Ուլրիխ Կրաուզեն, ՖԻԴԵ-ի փոխնախագահ Գեորգիոս Մակրոպուլոսը, մրցաշարի կազմակերպիչներից` «Ուորլդ Չես» կազմակերպության նախագահ Իլյա Մերենզոնը, Ռուսաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահի տեղակալ Անդրեյ Գուրևը:Միջոցառման ավարտին ներկայացվել են մրցաշարի ութ աշխարհահռչակ մասնակիցները:

«Ես հպարտ եմ, նաև՝ երախտապարտ կազմակերպիչներին, որ այս մրցաշարի առաջին խորհրդանշական քայլի հնարավորությունն ընձեռված է ինձ՝ որպես լավագույն գնահատական այն ներդրման, որն ունեցել է մեր երկիրը շախմատի զարգացման և հանրայնացման գործում: Չնայած Հայաստանն իր չափերով ու բնակչությամբ աշխարհի մեծ երկրներից չէ, բայց շատերն այն համարում են շախմատային գերտերություն, քանզի փոքրիկ Հայաստանի ազգային հավաքականը, որի կազմում է նաև ներկայիս հավակնորդ Լևոն Արոնյանը, վերջին մի քանի տարիների ընթացքում երեք անգամ նվաճել է օլիմպիական և մեկ անգամ աշխարհի չեմպիոնի կոչումը:

Շախմատն այն եզակի խաղն է, որն անցել է ժամանակի փորձությունը: Այն շատ նման է կյանքին, որտեղ վերջնական արդյունքը մեծապես կախված է կատարված քայլերից, իսկ խաղի ավարտից հետո բոլոր խաղաքարերը, լինի դա թագավոր, թե՛ հասարակ զինվոր, տեղադրվում են նույն տուփի մեջ: Թերևս, դա է պատճառը, որ դարեր շարունակ մարդկությունը սիրում և խաղում է շախմատ, հայտնաբերում է դրա նորանոր, թաքնված կողմերը, փորձում բացահայտել այս իմաստուն խաղի անվերջ գաղտնիքներն ու խորությունը »,-ասել է նախագահը:

Նա հավելել է, որ շախմատը խաղ է, բայց նաև արվեստ և գիտություն՝ այն մարդուն սովորեցնում է մտքի ու ճշգրիտ հաշվարկի, ստեղծագործելու ու ազնիվ պայքարի մշակույթը: «Այն պարտադրում է խորապես հարգել խաղընկերոջը: Գիտակցելով շախմատի դրական ազդեցությունը երեխաների տրամաբանության, ճկունության, ստեղծագործական մտքի զարգացման և այլ հատկանիշների վրա՝ Հայաստանը դարձավ աշխարհում առաջին երկիրը, որը շախմատն ընդգրկեց հանրակրթական ծրագրում: Իհարկե, ուրախ ենք, որ «Շախմատը դպրոցներում» ծրագիրը տարածում է գտնում նաև այլ երկրներում»,-ասել է Սարգսյանը:

Նախագահը նշել է, որ այս մրցաշարն իր բնույթով յուրօրինակ է՝ հավակնորդի կոչման համար պայքարում են լավագույններից լավագույնները: «Այստեղ առաջին և երկրորդ տեղերի տարբերությունը հսկայական է, քանի որ հաղթողը կշարունակի իր պայքարը շախմատային թագի համար: Սակայն մրցաշարում մասնակցությունն արդեն իսկ մեծ պատիվ է յուրաքանչյուր շախմատիստի համար և խոսում է շախմատային մեծ վարպետության մասին: Շատերի համար երազանք և կյանքի նպատակ է այս 8 ընտրյալների շարքում հայտնվելը: Ձեզնից յուրաքանչյուրն այս տեղը վաստակել է երկարատև և համառ պայքարի արդյունքում՝ հաղթահարելով դժվարին ընտրական փուլեր: Գտնվելով աշխարհահռչակ շախմատիստ, աշխարհի երկրորդ չեմպիոն Էմանուել Լասկերի հայրենիքում, որին շախմատային գահը պատկանել է 27 տարի անընդմեջ՝ ցանկանում եմ խոսքս ավարտել նրա խորհրդով. «Եթե տեսնում եք լավ քայլ, փնտրեք ավելի լավը»,-ասել է նախագահը, հայտնում է նախագահի մամուլի ծառայությունը:

Բեռլինում մարտի 10-28-ը կայանալում է շախմատի աշխարհի չեմպիոնի կոչման հավակնորդների մրցաշարը: Բեռլինյան մրցաշարին կմասնակցի ութ ուժեղագույն շախմատիստ՝ շախմատի աշխարհի գավաթի խաղարկության հաղթող Լևոն Արոնյանը (Հայաստան), գավաթի խաղարկության եզրափակչի մասնակից Դին Լիրենը (Չինաստան), ՖԻԴԵ-ի «Գրան Պրի»-ի ընդհանուր հաշվարկում առաջին և երկրորդ հորիզոնականները զբաղեցրած շախմատիստներ Շահրիյար Մամեդյարովը (Ադրբեջան) և Ալեքսանդր Գրիշչուկը (Ռուսաստան), 2017թ. ընթացքում ամենաբարձր միջին գործակից ունեցող երկու շախմատիստներ` Ֆաբիանո Կարուանան (ԱՄՆ) և Ուեսլի Սոն (ԱՄՆ), աշխարհի փոխչեմպիոն Սերգեյ Կարյակինը (Ռուսաստան) և աշխարհի 14-րդ չեմպիոն Վլադիմիր Կրամնիկը (Ռուսաստան):

Հավակնորդների մրցաշարն անցկացվելու է շրջանային մրցակարգով՝ երկու շրջանով` տասնչորս խաղափուլով: Հաղթողն իրավունք կստանա մրցամարտ անցկացնել աշխարհի չեմպիոն Մագնուս Կառլսենի հետ` ս.թ. նոյեմբերի 9-28-ը, Լոնդոնում: Մրցաշարի կազմակերպիչներն են Շախմատի միջազգային ֆեդերացիան (ՖԻԴԵ) և նրա կոմերցիոն գործընկեր «Ուորլդ Չես» կազմակերպությունը: