
Կառավարությունը բնության հատուկ պահպանվող տարածքները վարձակալությամբ մասնավոր ներդրողներին կտրամադրի՝ կառուցապատման նպատակով: Համապատասխան որոշման նախագիծն ընդգրկված է իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում:
Նշվում է, որ ներդրողներին խրախուսելու համար անհրաժեշտ է վերանայել հողի կառուցապատման իրավունքով` վարձակալության տրամադրման պայմանները և ժամկետները: Նախագծով՝ պետության և համայնքների սեփականության հողամասերի վարձակալության մինչև 99 տարի առավելագույն ժամկետ կարող է սահմանվել` համապատասխան ներդրումների կատարման պայմանով:
Հիմնավորման մեջ նշվում է, որ նախագիծը մշակվել է բնության հատուկ պահպանվող տարածքների տնտեսական և ռեկրեացիոն գոտիների տարածքների գրավչությունը բարձրացնելու նպատակով, հաշվի են առնվել բնության հատուկ պահպանվող տարածքի վիճակը և ներդրումների գրավչության պոտենցիալը:
Նշվում է, որ տարբեր երկրներում նման տարածքների կառավարման ֆինանսավորումը հիմնականում իրականացվում է պետական բյուջեի միջոցով, և մասամբ, մուտքի թույլտվություններից, էկոտուրիստական ծառայություններից ստացված օգուտներով:
«Ավելի մեծ չափով գումարներ են մուտքագրվում հողերը վարձակալության և (կամ) կառուցապատման և կենսառեսուրսների օգտագործման իրավունքով տրամադրելիս: Այդ նպատակով անհրաժեշտ է, որ պետությունը երաշխավորի պետական սեփականություն հանդիսացող հողերի և դրանց բարելավումների տնօրինման, օգտագործման կամ շահագործման իրավունքի երկարաժամկետ փոխանցումը` ծրագիրն իականացնող կազմակերպությանը», - ասվում է հիմնավորման մեջ: