ՄԱԿ-ի բանաձեւը ոչինչ չի լուծում ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում

PanARMENIAN.Net - ՄԱԿ-ի բանաձեւը ոչինչ չի լուծում ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում: Այդ մասին հայտարարել է Ադրբեջանում ԱՄՆ դեսպանատան հասարակության հետ կապերի դեպարտամենտի ղեկավար Ջոնաթան Հենիկը: «ՄԱԿ-ի բանաձեւրը անարդյունավետ են»,-ասել է Հենիկը: Նրա խոսքերով, ՄԱԿ-ում կան տասնյակ բանաձեւեր, որոնք դեռեւս իրենց լուծումը չեն ստացել: Որպես օրինակ նա բերել է Իսրայելի եւ Պաղեստինի հակամարտությանն առնչվող բանաձեւերը:



ԱՄՆ դեսպանատան ներկայացուցիչը գտնում է, որ ղարաբաղյան հակամարտության ամենաարդյունավետ ձեւը ԵԱՀԿ ՄԽ խաղաղ գործընթացն է: «Եթե շատ աշխատենք այդ գործընթացի շրջանակներում, խնդիրը կարելի է լուծել: Դա դյուրին գործընթաց չէ: Եթե հակամարտությունը վերսկսվի, դա աղետ կլինի Ադրբեջանի, Հայաստանի, ողջ տարածաշրջանի համար»,-ասել է Հենիկը ադրբեջանական ANS-Press գործակալությանը:



Միեւնույն ժամանակ, նա գտնում է, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորումը կախված չէ ԱՄՆ-ից կամ ԵԱՀԿ ՄԽ այլ երկրներից, այս հարցում պատասխանատվությունը կրում են Ադրբեջանն ու Հայաստանը: «Բնականաբար, Ադրբեջանը պետք է պատրաստ լինի զիջումներ անել հայկական կողմին եւ, ասելով սա, ես բնականաբար, չեմ կարծում, թե Ադրբեջանը պետք է զոհաբերի իր ազգային շահերը: Սակայն միեւնույն ժամանակ, նրանք պետք է փորձեն որոշումներ գտնել, որոնք կկատարվեն»,-ասել է դիվանագետը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---