12 մարտի 2018 - 14:39 AMT
ԼՂՀ գյուղնախարար. Արցախի քաղաքացի չհանդիսացող հայրենակիցներին հողի սեփականության իրավունք կտրվի

Արցախի քաղաքացի չհանդիսացող այն հայրենակիցներին, ովքեր իրենց ուժերով և սեփական ներդրումներով Արցախում արտադրական նշանակության այգիներ կհիմնեն, նախատեսվում է հողի սեփականաշնորհման իրավունք տալ: Այդ մասին հայտարարել է Արցախի գյուղատնտեսության նախարար Ժիրայր Միրզոյանը՝ նշելով, որ գերատեսչության կողմից այս առումով առաջարկ է լինելու հողային օրենսգրքում բացառություն սահմանել, հայտնում է «Արցախպրես»-ը:

«Սահմանադրությամբ հնարավորություն չկա հողը վաճառելու կամ սեփականության իրավունքով տրամադրելու օտարերկրյա քաղաքացիներին՝ բացառությամբ օրենքով սահմանված դեպքերի: Կարծում եմ՝ մեր բոլոր այն հայրենակիցները, ովքեր հանդիսանում են այլ երկրների քաղաքացիներ, եթե ցանկություն ունենան Արցախում այգեգործության զարգացման համար իրենց ծանրակշիռ ներդրումը ունենալ, բացառիկ իրավունք պիտի ունենան նաև սեփականություն ունենանալու: Սա մեր պատկերացումն է»,- ասել է գյուղնախարարը:

Միրզոյանի խոսքով՝ նախատեսվում է հողի սեփականաշնորհման իրավունք տալ նաև ԱՀ այն քաղաքացիներին, որոնք ունեն արտադրական նշանակության այգիներ, սակայն դրանք գտնվում են վարձակալած հողերում: