17 մարտի 2008 - 18:45 AMT
Վարդան Օսկանյան. Այժմ Հայաստանն ինչպես երբեք զգում է Եվրոպայի աջակցության կարիքը
Մարտի 15-16-ը ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանը մասնակցեց Բելգիայի մայրաքաղաքում մեկնարկած «Բրյուսելյան ֆորում - 2008» համաժողովին, հաղորդում է Հայաստանի ԱԳՆ մամլո ծառայությունը: Համաժողովի շրջանակներում նախարար Օսկանյանը եւ Վրաստանի Ռեինտեգրացիայի հարցերով պետական նախարար Թեմուրի Յակոբաշվիլին որպես հիմնական բանախոսներ հանդես եկան «Արդյոք, Եվրոպա տանող ուղին տարածվու՞մ է դեպի Կովկաս» խորագրով քննարկմանը: Իր խոսքում Վ.Օսկանյանը անդրադարձավ Հայաստանում կայացած ընտրություններին եւ դրանց հաջորդած իրադարձություններին, որոնք որակեց ոչ թե որպես հետընթաց ժողովրդավարությունից, այլ ժամանակավոր շեղում: Վերլուծելով ընտրություններից հետո ստեղծված իրավիճակը, նախարարը պարզաբանեց, որ դա հետեւանքն է քաղաքական եւ սոցիալական ինստիտուտների հանդեպ հասարակության վստահության պակասի:

Խոսելով Հայաստան-Եվրոպա հարաբերությունների եւ դրանց հեռանկարների մասին, նախարարը առաջարկեց, որ մոտ ապագայում այդ համագործակցության առանցքային ոլորտները լինեն կրթությունը եւ ԶԼՄ-երը: Եզրափակելով իր ելույթը նախարար Օսկանյանը ընդգծեց, որ Հայաստանը այսօր առավել քան երբեւէ Եվրոպայի կարիքն ունի` միասին աշխատելու ժողովրդավարությունը խորացնելու համար: Նախարար Օսկանյանը հանդիպեց նաեւ ԵՄ ընդհանուր արտաքին եւ անվտանգության քաղաքականության բարձր ներկայացուցիչ Խավիեր Սոլանայի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվեցին Հայաստանում հետընտրական իրավիճակը, եւ ստեղծված իրադրությունից արագ դուրս գալու ուղիները: