Փաշինյան. Որտեղի՞ց Քոչարյանին Մարտի 1-ին ոստիկանների վրա կրակողների մասին տեղեկությունը

Փաշինյան. Որտեղի՞ց Քոչարյանին Մարտի 1-ին ոստիկանների վրա կրակողների մասին տեղեկությունը

PanARMENIAN.Net - ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը փորձում է շեղվել բուն թեմայից, մինչդեռ նա պետք է հստակ պատասխանի կոնկրետ հարցի՝ որտեղի՞ց իրեն այն տեղեկությունը, թե «Մարտի 1»-ին ցուցարարները դուրս էին գալիս մեքենայի հետևից, կրակում զինվորների վրա, ապա թաքնվում»: Այդ մասին հայտարարել է ԵԼՔ խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի հայտարարությանը, որի համաձայն Փաշինյանն է Մարտի 1-ի անկարգությունների գլխավոր սադրիչն ու կազմակերպիչը:

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը 2rd.am կայքին, անդրադառնալով Քոչարյանին Մարտի 1-ի գործով հարցաքննության կանչելու վերաբերյալ Փաշինյանի նախաձեռնությանը, հայտարարել է, որ Մարտի 1-ի անկարգությունների գլխավոր սադրիչն ու կազմակերպիչը Նիկոլ Փաշինյանն է:

«Բոլոր հարցերի կոնտեքստում այս հարցը չպետք է մոռանանք: Սա Ռոբերտ Քոչարյանի հարցն է», - ասել է Փաշինյանը, հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը:

«Իմ կարծիքով՝ այս մեկնաբանության բուն նպատակն այն է, որ փոխանակ մենք քննարկենք, թե ովքեր էին Մարտի 1-ին մեքենայի հետևից դուրս գալիս, կրակում և թաքնվում, քննարկենք բաներ, որոնք բազմիցս քննարկված են: Մարտի 1-ի իմ դերակատարումը եղել է հրապարակային, տասնյակ հազարավոր մարդկանց աչքի առաջ: Նույնիսկ իմ հեռախոսազանգերը գաղտնալսված և հրապարակված են», - նշել է նա:

Անդրադառնալով այն դիտարկմանը, թե Քոչարյանին դուր չի եկել, որ Մարտի 1-ի թեմայով խորհրդարանական լսումներ են կազմակերպվել՝ Փաշինյանն արձագանքել է. «Ռոբերտ Քոչարյանին և Սերժ Սարգսյանին մոտակա ու հեռակա ապագայում դեռ այնքան բան դուր չի գա, բայց ես ասում եմ՝ մենք այս թեմայից չենք շեղվելու»:

«Եթե որևէ մեկն ուզում է բացահայտել «Մարտի 1»-ի սպանություններն, ուրեմն պետք է Քոչարյանին տա այդ շատ կարևոր և պրիմիտիվ հարցը»,-հավելել է նա։

«Անկեղծ ասած, Փաշինյանի գործողությունները ինձ բացարձակապես չեն հետաքրքրում: Բայց, օգտվելով առիթից, ասեմ, որ իր «շնորհիվ» ականատես դարձա մեր նորագույն պատմության ամենացինիկ տեսարանի. Մարտի 1-ի անկարգությունների գլխավոր սադրիչն ու կազմակերպիչն Ազգային ժողովում Մարտի 1-ի գործով լսումներ էր կազմակերպել ու նստած ԱԺ նախագահի աթոռին՝ վարում էր նիստը»,-ասել էր Վիկտոր Սողոմոնյանը:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---