2018-ին էլեկտրոնային ծննդյան վկայականների տրամադրման համակարգ կներդրվի

2018-ին էլեկտրոնային ծննդյան վկայականների տրամադրման համակարգ կներդրվի

PanARMENIAN.Net - 2018-ի ընթացքում պետական կառավարման համակարգում կշարունակվեն էլեկտրոնային եղանակով ծառայությունների մատուցման միասնական պլատֆորմի, պետական կառավարման համակարգի միջև փոխգործելիության, վիճակագրական տվյալների էլեկտրոնային մուտքագրման, էլեկտրոնային անաշխատունակության թերթիկի, էլեկտրոնային ծննդյան վկայականների տրամադրման համակարգերի ներդրման աշխատանքները: Այդ դրույթներն ընդգրկված են «Թվային Հայաստան» հիմնադրամի 2018 թվականի գործողությունների ծրագրում, որը ներկայացվել է վարչապետ Կարեն Կարապետյանի մոտ տեղի ունեցած խորհրդակցության ընթացքում:

Զեկուցվել է, որ նախատեսվում են նաև կրթության ոլորտի տեսչական գործառույթների թվայնացման համակարգերի, միասնական բողոքարկման «Թեժ գիծ» հարթակի և էլեկտրոնային այլ համակարգերի իրականացում:

2018-ին նախատեսվում է նաև Սննդի անվտանգության պետական ծառայության համակարգի համակցումը Trade.gov արտաքին առևտրի ազգային «Մեկ պատուհան» հարթակին, որը հնարավորություն կտա էլեկտրոնային եղանակով 10-ից ավելի թույլատրող փաստաթղթերի և դրանց 40 տարատեսակների տրամադրումը տնտեսվարողին իրականացնել ավելի կարճ ժամանակահատվածում: Համակարգի պիլոտային գործարկումը նախատեսված է հուլիս ամսին, իսկ լիարժեք շահագորրծումը՝ սեպտեմբերին, հայտնում է կառավարության մամուլի ծառայությունը:

Վարչապետ Կարեն Կարապետյանը ողջունել և կարևորել է հիմնադրամի կողմից ընթացիկ տարում նախատեսվող ծրագրերը՝ համոզմունք հայտնելով, որ դրանք կնպաստեն քաղաքացիներին, այդ թվում՝ բիզնես հանրությանը մատուցվող ծառայությունների որակի բարձրացմանը:

«Թվային Հայաստան» հիմնադրամի ստեղծումը պայմանավորված էր ՀՀ թվային օրակարգի իրագործման անհրաժեշտությամբ, այն է՝ թվային նոր ռազմավարության մշակում, հանրապետական կառավարման բոլոր ոլորտներում միասնական թվայնացված միջավայրի ձևավորում, պետական կառավարման և տեղական ինքնակառավարման համակարգերի արդիականացում և տեղեկատվական անվտանգության աստիճանի բարձրացում, ինչպես նաև պետական ծախսերի կրճատում, վարչարարության պարզեցում, թափանցիկության, հաշվետվողականության բարձրացում, կոռուպցիոն ռիսկերի նվազեցում, քաղաքացիներին և բիզնես ոլորտին պետության կողմից մատուցվող ծառայությունների որակի, մատչելիության և արդյունավետության բարձրացում:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---