Անկարան մտադիր չէ Աֆրինը հանձնել Դամասկոսին

Անկարան մտադիր չէ Աֆրինը հանձնել Դամասկոսին

PanARMENIAN.Net - Թուրքական իշխանությունները մտադիր չեն սիրիական Աֆրինի տարածքը, որը Թուրքիան վերահսկում է «Ձիթենու ճյուղ» գործողության արդյունքում, հանձնել Դամասկոսի հսկողությանը: Այդ մասին հայտարարել է Թուրքիայի նախագահի մամուլի քարտուղար Իբրահիմ Քալինը, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

«Երբ Աֆրինի գործողությունն ավարտվի, այնտեղ նույնպիսի անվտանգության գոտի կստեղծվի, ինչպես դա տեղի ունեցավ 2016-17-ին Սիրիայի հյուսիսում «Եփրատի վահանը» գործողության արդյունքում: Մեր գլխավոր խնդիրը տեղական բնակչության մասնակցությամբ ինքնակառավարման մարմինների ստեղծումն է: Մենք մտադիր չենք Աֆրինը հանձնել սիրիական ռեժիմին: Այնտեղ հազարավոր քրդեր կան, որոնք փախել են YPG-ից (սիրիացի քրդերի ինքնապաշտպանական ուժեր), արաբներ, թուրքմեններ, նրանք բոլորը տուն կվերադառնան»,-ասել է Քալինը TRT հեռուստաալիքի եթերում:

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մարտի 9-ին հայտարարել էր, որ Թուրքիայի զինված ուժերը «Ձիթենու ճյուղ» գործողության շրջանակում, որը ծավալվում է Սիրիայի հյուսիսում, կարող են ցանկացած պահի հարձակում սկսել Աֆրինի ուղղությամբ:

Հունվարի 21-ին թուրքական տանկերը մտել են սիրիական Աֆրին և աջակցություն ցուցաբերել ընդդիմադիր Սիրիայի ազատ բանակին քրդական կազմավորումների դեմ պայքարում: Ավելի վաղ Թուրքիայի գլխավոր շտաբը հայտարարել էր «Ձիթենու ճյուղ» գործողության մեկնարկի մասին, որին մասնակցում է 72 ինքնաթիռ: Սիրիայի կառավարությունը վճռականորեն դատապարտել է Թուրքիայի հարձակումն Աֆրինի վրա, հայտարարելով, որ այն Սիրիայի անբաժանելի մասն է:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---