Կիևում հայկական եկեղեցու հիմնարկեքի արարողություն է կատարվել

Կիևում հայկական եկեղեցու հիմնարկեքի արարողություն է կատարվել

PanARMENIAN.Net - Մարտի 16-ին Ուկրաինայի մայրաքաղաք Կիևում Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի ձեռամբ տեղի է ունեցել հայկական եկեղեցու հիմնարկեքի արարողություն:

Ըստ Հայ Եկեղեցու ծիսակարգի, շարականների և սաղմոսների երգեցողության ներքո նախ ջրով, ապա գինով լվացվեցին եկեղեցու հիմքերում զետեղվելիք 16 քարերը Քրիստոսի 12 առաքյալների, Պողոս առաքյալի, երկու ավետարանիչների և Ս. Գրիգոր Լուսավորչի անուններով, որից հետո Վեհափառ Հայրապետը և առընթերակա եպիսկոպոսները Ս. Մյուռոնով օծեցին եկեղեցու հիմքերի քարերը, աղոթեցին կառուցվելիք տաճարի անսասանության և օրհնաբեր առաքելության համար: Օծումից հետո քարերը տասնվեց խաչքավորների կողմից զետեղվեցին եկեղեցու հիմքերում։

Ամենայն Հայոց կաթողիկոսըայս իրադարձության կապակցությամբ նաև իր պատգամն է հղել ներկաներին։ «Զորավիգ եղեք հայ դպրոցին և Հայոց եկեղեցուն` բանուկ պահելով այդ ճանապարհը, որպեսզի անվրդով և համերաշխ, շեն ու պայծառ լինի համայնքային ձեր կյանքը` դառնալով աղբյուր օրհնության գալիք սերունդների համար: Որպես Ուկրաինայի ազնիվ, գնահատված քաղաքացիներ՝ Ձեր ներդրումը շարունակեք բերել Ուկրաինայի կյանքի բարեշինությանը, որը դժվարին օրեր է ապրում ներկայիս»,-ասել է Ամենայն Հայոց կաթողիկոսն իր խոսքում, հայտնում է Մայր Աթոռի մամուլի ծառայությունը:

Վեհափառն այցելել է Սրբոց Նահատակաց մատուռ, ծանոթացել կատարված աշխատանքներին: Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական այցն Ուկրաինայի թեմ երկօրյա է` Դնեպրի Ս. Գրիգոր Լուսավորիչ նորակառույց եկեղեցու օծման առիթով:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---