20 մարտի 2018 - 11:51 AMT
ՌԴ-ում վթարվել է Երևան-Մոսկվա ավտոբուսը. Կան զոհեր և վիրավորներ

Ռուսաստանում վթարի է ենթարկվել ԵրևանիցՄոսկվա ուղևորվող ավտոբուսը: Կան զոհեր և վիրավորներ:

Պատահարը տեղի է ունեցել Վորոնեժի շրջանում: Ավտոբուսը բախվել է բեռնատարին: Ենթադրվում է, որ բոլոր տուժածները ՀՀ քաղաքացիներ են, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Ինչպես հայտնում է ԱԻՆ մամուլի ծառայությունը, մարտի 20-ին, ժամը 10:57-ին տեղեկություն է ստացվել, որ ժամը 09:00-ի սահմաններում Մ-4 «Դոն» միջպետական ավտոճանապարհի 673-րդ կիլոմետրին տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են «Mercedes» մակնիշի 308 AF 61 պետհամարանիշով ավտոբուսը և բեռնատարը:

Պարզվել է, որ մահացել են ավտոբուսի ուղևոր՝ 1978 թ. ծնված Ս. Սուքիասյանը և բեռնատարի վարորդը: Նախնական տվյալներով ավտոբուսի ուղևորներից կա 9 տուժած, մոտ 40 ուղևոր տեղափոխվել է Ռուսաստանի Դաշնության Պավլովսկ քաղաքի մոտակայքում գտնվող «Կակ դոմա» հյուրանոց:

Ըստ ՌԴ Պավլովի շրջանի հերթապահ ծառայության տվյալների, հոսպիտալացվածներից 3-ի վիճակը ծանր է, 5-ինը՝ միջին ծանրության, նրանք բոլորը Հայաստանից են, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը ճշտում է տեղեկությունները Վորոնեժի շրջանում տուժածների մասին: Այդ մասին ասվում է դեսպանատան ֆեյսբուքյան էջում: