20 մարտի 2008 - 18:53 AMT
Ադրբեջանը կորցնում է իրականության զգացումը
Դատելով Ռուսաստանի, ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի պաշտոնական հայտարարություններից, որոնք արվել են Գլխավոր ասամբլեայից առաջ եւ հետո, կարող ենք եզրակացնել, որ նրանք դեմ են քվեարկել այն պատճառով, որ Ադրբեջանի նախագիծը հակասում էր, նախ, միջազգային իրավունքի համընդհանուր ճանաչում ստացած հիմնարար սկզբունքներին ու նորմերին, ինչպես նաեւ դրանց կիրառման միջազգային օրինականության չափանիշին: Այդ մասին ՀՀ Պաշտպանության նախարարության մամլո ծառայությանը տված հարցազրույցում հայտարարել է ՊՆ Ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի պետ, քաղաքական գիտությունների դոկտոր, գեներալ-մայոր Հայկ Քոթանջյանը: Նրա կարծիքով, երկրորդ. Ադրբեջանի գործելակերպը չի համապատասխանում Ղարաբաղյան հակամարտության կարգավորման եւ լուծման գործում միջազգային իրավունքի սկզբունքների համակարգի կիրառման նկատմամբ Մինսկի խմբի հավասարակշռված մոտեցմանը: ՄԱԿ-ի հարյուր ձեռնպահ անդամները փաստորեն ըմբռնողականություն դրսեւորեցին Ռուսաստանի, ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի կշռադատված դիրքորոշման նկատմամբ:

«Ինչ վերաբերում է այն պետություններին, որոնք «կողմ» քվեարկեցին, ապա դրանք հիմնականում ներկայացնում են Իսլամական կոնֆերանս կազմակերպությունը եւ ՎՈՒԱՄ-ը եւ հանդես եկան հօգուտ Ադրբեջանի այն դիրքերից, որոնք ավելի բնորոշ են սառը պատերազմի ժամանակներին, այն է` բլոկային համերաշխության սկզբունքով:

Ադրբեջանը քվեարկության արդյունքներով սպառնում է վերանայել Ռուսաստանի, ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի նկատմամբ իր վարած քաղաքականությունը: Ինչպե՞ս կարելի է բացատրել Ադրբեջանի անհարգալից վերաբերմունքը խաղաղ կարգավորման գործընթացում Մինսկի խմբի ունեցած ներդրմանը եւ Բաքվի ագրեսիվությունը Ռուսաստանի, Ֆրանսիայի եւ ԱՄՆ-ի նկատմամբ»,- նշել է Քոթանջյանը:
Միեւնույն ժամանակ, նա հայտարարեց, որ Ադրբեջանը եվրոպական էներգետիկական քաղաքականության մեջ իրեն նախանշանակված դերն ընկալում է որպես Ռուսաստանի հետ աշխարհատնտեսական եւ աշխարհառազմավարական մրցակցության ,պատմականե առաքելություն: «Շահարկելով ԵՄ-ի եւ ԱՄՆ-ի, Ռուսաստանի, Իրանի, Թուրքիայի եւ Կենտրոնական Ասիայի ռազմավարական շահերը` Ադրբեջանը փորձում է առավելագույնս բարձրացնել իր խաղադրույքներն այնպես, որ կարողանա այդ ռեսուրսն օգտագործել Ղարաբաղյան կարգավորման գործում իր շահերի ուժային հակաիրավական առաջմղման համար: Այդ նպատակով Ադրբեջանն արդեն իսկ իրեն իրավունք է վերապահում շանտաժի ենթարկելու եւ' Ռուսաստանին, եւ' ԱՄՆ-ին, եւ' Ֆրանսիային, եւ' Մինսկի խմբին ամբողջովին: Մի շարք միջազգային փորձագետների կարծիքով` Ադրբեջանը կորցնում է իրականության զգացումը»,- ընդգծել է գեներալ-մայոր Հայկ Քոթանջյանը: