21 մարտի 2008 - 14:50 AMT
Իլհամ Ալիեւ. «Մեզ զարմացրեց այն երկրների դիրքորոշումը, որոնք դեմ քվեարկեցին ՄԱԿ-ի բանաձեւին»
Բաքուն դիտարկում է ՄԱԿ-ի ԳՎ-ի կողմից ընդունված բանաձեւը «որպես Ադրբեջանի հերթական դիվանագիտական եւ քաղաքական հաջողություն», հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը: «Մեկ անգամ եւս միջազգային խոշորագույն եւ կարեւորագույն կազմակերպությունը` Միացյալ ազգերի կազմակերպությունը հաստատեց այն սկզբունքները, որոնց հիման վրա պետք է կարգավորվի ղարաբաղյան հակամարտությունը` սահմանների անխախտելիություն, երկրների տարածքային ամբոջականություն, բոլոր փախստականների եւ բռնի տեղահանվածների վերադարձ, որոնք վտարվել են Հայաստանի կողմից էթնիկ զտման քաղաքականության արդյունքում, իրենց հայրենի հողեր եւ հակամարտության կարգավորում Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում: Այսինքն, բանաձեւը լիովին համապատասխանում է միջազգային իրավունքի նորմերին եւ սկզբունքներին, ինչպես նաեւ, ըստ իս, լիովին հաղորդում է բանակցային գործընթացի ոգին եւ էությունը: Եվ մենք շատ ուրախ ենք, որ բանաձեւն ընդունվեց, մենք դրանում չէինք կասկածում եւ, անշուշտ, երախտագիտություն ենք հայտնում այն երկրներին, որոնք սատարեցին մեզ»,-ասել է Ի.Ալիեւը:

«Ինչ վերաբերում է Եվրամիության երկրներին, ապա, ինչպես մեզ հայտնի է, ընդունվել է ԵՄ երկրների համաձայնեցված որոշում, որ իրենք ձեռնպահ կմնան քվեարկությունից: Եվ քանի որ Եվրամիությունը բարձր կարգապահություն ունեցող կազմակերպություն է, այդ թվում նաեւ արտաքին քաղաքականության հարցերում, այդպես էլ եղավ: Մեզ զարմացրեց այն երկրների դիրքորոշումը, որոնք դեմ քվեարկեցին, առավել եւս, որ այդ երկրների թվում էին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները` Ֆրանսիան, ԱՄՆ-ն, Ռուսաստանը, որոնք հակամարտության կարգավորման միջնորդներն են: Այն պարզաբանումները, որ այդ երկրների պաշտոնական ներկայացուցիչները տվեցին քվեարկությոնից հետո, դրական են: Համանախագահող երկրները հաստատեցին Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, կրկին հայտարարեցին, որ չեն ճանաչում Լեռնային Ղարաբաղը որպես անկախ պետություն: Ընդհանուր առմամբ, այդ դիրքորոշումը հայտնի էր նախկինում: Սակայն մենք դիտարկում ենք այն որպես այն տհաճ նստվածքը հարթելու փորձ, որ մնացել էր ադրբեջանցի ժողովրդի սրտում անհասկանալի, եւ ես կարծում եմ, չմտածված քվեարկության պատճառով: Ես կարծում եմ, որ այդ երկրները որպես միջնորդներ պետք է ձեռնպահ մնային: Մենք հուսով չէինք, թե նրանք կողմ կքվեարկեն եւ կարծում էինք, որ իրենք ձեռնպահ կմնան: Ուստի այս իրավիճակում, ապագայում բանակցային գործընթացը կախված կլինի, այդ թվում նաեւ, բանակցող երկրների եւ միջնորդների միջեւ վստահության մակարդակից: Ասեմ, որ բանաձեւին դեմ քվեարկելը վստահությունը չավելացրեց, հակառակը, լրջորեն սասանեց այն: Այն բացատրությունները, թե բանաձեւի նախագծում չէին արտացոլված բանակցային գործընթացի բոլոր կետերը, ընդունելի չեն, քանի որ մեր առաջարկած բանաձեւում կար կետ այն մասին, որ մենք աջակցում ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությանը, հավատարիմ ենք կարգավորման սկզբունքներին: Ուստի նման արդարացումներն ուղղված են երեւի ոչ իրազեկ մարդկանց:

Սակայն բանակցային գործընթացի ոգին եւ այն, ինչը քննարկվում է, այն է` տարածքային ամբողջականության վերականգնում, փախստականների վերադարձ, հակամարտության կարգավորում Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում` այս ամենը Մինսկի խումբը երբեք չի վիճարկել: Եթե Մինսկի խումբը ցանկանում է բացահայտել բանակցային գործընթացի մանրամասները, ապա թող դա անի մինչեւ վերջ: Երբեք այն հարցը, թե երբեւէ 5 տարի, 10 տարի, 100 տարի անց հանրաքվեի կամ ժողովրդական քվեարկության այլ ձեւով Լեռնային Ղարաբաղը կանջատվի Ադրբեջանից, չի արծարծվել եւ չի արծարծվի»,-հայտարարել է Ադրբեջանի նախագահը «Ինտերֆաքս» գործակալությանը տված հարցազրույցում: