21 մարտի 2008 - 14:55 AMT
Արմեն Ռուստամյան. Մեզ համար կարեւոր չէ, թե ով ինչ պաշտոններ կզբաղեցնի
Հայաստանում կոալիցիայի ստեղծման մասին համաձայնագիրը քաղաքական համաձայնության փաստաթուղթ է, հայտարարել է ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը: «Մենք ստորագրում ենք քաղաքական համաձայնության փաստաթուղթ եւ այստեղ դուք չեք գտնի սովորական դարձած այն հարցի արծարծումը, թե ով ինչ պաշտոն կզբաղեցնի եւ ում ինչ պաշտոններ կհասնեն: Դա չէ կարեւորը: Կարեւորը քաղաքական հարցերի համաձայնեցումն է այսօր մեր երկրի առջեւ ծառացած խնդիրները լուծելու համար»,-ասել է Ռուստամյանը քառակողմ կոալիցիայի ստեղծման մասին համաձայնագրի ստորագրումից հետո:

Նրա խոսքերով, ստորագրելով համաձայնագիրը, Դաշնակցությունը մի քանի նպատակ էր հետապնդում: «Մենք պետք է անենք ամեն հնարավորը ներքաղաքական լարվածությունն արագ մեղմելու համար: Դրա համար հարկավոր են քաղքական կամք եւ համաձայնության անհրաժեշտության գիտակցում»,-ասել է Ռուստամյանը: Նա համոզվածություն է հայտնել, որ աստիճանաբար լուծելով առկա խնդիրները, կարելի է էական փոփոխությունների հասնել երկրի կյանքում, եւ միաժամանակ լուծել երկու խնդիր` ինչպես առավել խորքային դարձնել բարեփոխումները, եւ ինչպես պահպանել երկրում կայունությունն ու ներքաղաքական կայունությունը: «Կոալիցիոն համաձայնագրի նպատակներին հասնելու համար, մենք պետք է միասնաբար լուծենք այդ խնդիրները»,-նշել է ՀՅԴ ներկայացուցիչը, հաղորդում է «Նովոստի-Արմենիան»:

Հիշեցնենք, որ քառակողմ քաղաքական կոալիցիայի ձեւավորման մասին փաստաթուղթը ստորագրել են Հայաստանի Հանրապետական կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանը, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը, «Օրինաց երկիր» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանը եւ ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը: