Արագածոտնում մրգերի վերամշակման արտադրամաս է բացվել

Արագածոտնում մրգերի վերամշակման արտադրամաս է բացվել

PanARMENIAN.Net - Արագածոտնի մարզի Արագած համայնքում բացվել է «Քաղցր Արագած» ազնվամորու և մրգերի վերամշակման արտադրամասը, որը հիմնվել է ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպանության կողմից տրամադրված շուրջ 7.000 եվրո դրամաշնորհի շրջանակներում:

Արտադրամասի բացման պաշտոնական արարողությանը մասնակցել են ՀՀ-ում ԳԴՀ արտակարգ և լիազոր դեսպան Բերնհարդ Մաթիաս Քիսլերը, գյուղատնտեսության զարգացման հիմնադրամի գյուղատնտեսական խորհրդատվության տնօրինության ղեկավար Դավիթ Բաբայանը, Վորլդ Վիժն Հայաստանի Արագածոտնի մարզի զարգացման ծրագրերի ղեկավար Թամարա Բարբակաձեն, Արագած համայնքի բնակիչներ և այլ հյուրեր:

«ԱՐԱԳԱԾ. քաղցր և համեղ» արտադրատեսակները պատրաստվելու և վերամշակվելու են էկոլոգիապես մաքուր մթերքներից, պտուղներից և հատապտուղներից։ Այստեղ մասնավորապես նախատեսվում է արտադրել ազնվամորու, բալի, տանձի, դդմի ու սալորի մուրաբաներ և հյութեր, արտադրողականությունը կհասնի օրական մինչև 100 կգ-ի: Սա հրաշալի հնարավորություն է ոչ միայն նոր աշխատատեղերի ստեղծման, այլև համայնքի ֆերմերների գյուղմթերքն իրացնելու համար, ասվում է գյուղնախարարության հաղորդագրության մեջ:

ԳԴՀ դեսպան Բերնհարդ Քիսլերն իր խոսքում նշել է, որ ուրախ են ֆինանսավորել վերամշակման արտադրամասի ստեղծումը և վստահություն հայտնել, որ այն կօգնի ֆերմերներին ավելացնել իրենց եկամուտները: Դավիթ Բաբայանն իր հերթին նշել է, որ տվյալ տարածաշրջանի համար կարևոր է բարձրարժեք մշակաբույսերի աճեցմանն անցումը, և Գյուղատնտեսական խորհրդատվության տնօրինությունը կաջակցի ֆերմերներին արդյունավետ կազմակերպել ազնվամորու մշակությունը լարասյունային համակարգով, իսկ բերքի շրջանում կաջակցի իրացման հարցում:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---