
Պետական պաշտոնյայի ընտանիքի անդամները պատասխանատվության կենթարկվեն հայտարարագրի իսկության, չներկայացնելու կամ ժամկետի խախտմամբ ներկայացնելու համար։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ փոխնախագահ, Պետական-իրավական և մարդու իրավունքների պաշտպանության հարցերի հանձնաժողովի անդամ Արփինե Հովհաննիսյանը:
Ըստ նրա, «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքում կատարված փոփոխությունների համաձայն հայտարարատու պաշտոնատար անձանց ընտանիքի անդամները, բացի գործող կարգավորմամբ նախատեսված տարեկան հայտարագրերից, այսուհետ ներկայացնելու են նաև պաշտոնատար անձի` պաշտոնեական պարտականություններ ստանձնելու, դադարեցնելու գույքի և եկամուտների հայտարարագրեր:
«Հայտարարատու պաշտոնատար անձի ընտանիքի անդամները ներկայացնելու են իրենց պատկանող ամբողջ գույքի ու եկամուտների վերաբերյալ ամբողջական հայտարարագիր, ի տարբերություն գործող կարգավորման, երբ ընտանիքի անդամները ներկայացնում են միայն այն գույքի և եկամուտների վերաբերյալ հայտարարագիր, որը ձեռք էր բերվել կամ օտարվել էր հարկային տարում,իսկ գույքի որոշ տեսակների մասով տեղեկություն չէին տալիս»,- նշում է Հովհաննիսյանը: