Թուրքիայի վարչապետը խոստացել է Սինջարում առանց Իրաքի համաձայնության գործողություն չսկսել

Թուրքիայի վարչապետը խոստացել է Սինջարում առանց Իրաքի համաձայնության գործողություն չսկսել

PanARMENIAN.Net - Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմն Իրաքի կառավարության ղեկավար Հայդեր ալ Աբադիի հետ հեռախոսազրույցի ժամանակ խոստացել է ռազմական գործողություն չանցկացնել Իրաքում առանց Բաղդադի համաձայնության: Այդ մասին ասվում է Ալ Աբադիի մամուլի ծառայության հայտարարության մեջ:

Մարտի 26-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Անկարան անհրաժեշտ ամեն ինչ կանի, եթե Իրաքը չի կարողանում ինքնուրույն մաքրել Սինջար քաղաքը Թուրքիայում արգելված Քրդստանի աշխատավորական կուսակցության անդամներից: Էրդողանը նաև սպառնացել է ռազմական գործողությամբ, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Ըստ հայտարարության, Յըլդըրըմը հաստատել է, որ Իրաքի տարածքում ՔԱԿ գրոհայինների դեմ ռազմական գործողություն անցկացնելու վերաբերյալ համաձայնություն Իրաքի և Թուրքիայի կառավարությունների միջև չկա: «Մենք ուզում էինք ասել, որ որևէ գործողություն չենք անցկացնի առանց Իրաքի կառավարության հետ համաձայնեցման, մենք նկատի չունեինք, թե արդեն պայմանավորվել ենք նրանց հետ»,-ասել է Թուրքիայի վարչապետը:

Ալ Աբադին նշել է, որ սահմահը իրաքյան ուժերի հսկողության տակ է և Բաղդադը դեմ է, որ Իրաքի տարածքից գրոհայինները անցնեն Թուրքիա:

Իրաքի անվտանգության ուժերը շեշտում են, որ տարածքում չկան երրորդ երկրների զինվորական կազմավորումներ: Մարտի 23-ին Քրդստանի համայնքների միությունը հայտնել է, որ Քրդստանի աշխատավորական կուսակցությունը հեռանում է Սինջարից, որտեղ տեղակայված էր 2014-ից՝ ԻՊ դեմ պայքարի շրջանակում:

ՔԱԿ դեմ թուրքական բանակի ռազմական գործողությունները շարունակվում են 2015-ի ամռանը հրադադարի ձախողումից ի վեր: Ավիացիոն հարվածները քրդերի դիրքերին հիմնականում հասցվում են Թուրքիայի հարավ-արևելքում և Իրաքի հյուսիսում:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---