Առաջիկայում ՄԻԵԴ-ը քննության կառնի Անդրիաս Ղուկասյանի գործը

Առաջիկայում ՄԻԵԴ-ը քննության կառնի Անդրիաս Ղուկասյանի գործը

PanARMENIAN.Net - Մարդու իրավունքների եվրոպական դատարանը՝ ՄԻԵԴ-ը, քննության կառնի Անդրիաս Ղուկասյանի գործը: Այդ մասին դատարանը տեղեկացրել է 2018-ի մարտի 21-ին: Դատարանը խնդրել է մինչև 2018թ. ապրիլի 11-ը ներկայացնել համապատասխան ապացույցներով հիմնավորված այնպիսի տեղեկատվություն, որը վկայում է դիմողի նկատմամբ Կոնվենցիայի այս կամ այն հոդվածի խախտման և դիմողի կողմից իրավական պաշտպանության ներպետական միջոցների սպառման մասին:

2017-ի փետրվարին 23-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանը գրանցել էր «Նոր Հայաստան» ընդդիմադիր շարժման անդամ Անդրեաս Ղուկասյանի գանգատը: ՀՀ դեմ ներկայացվող գանգատում առաջին անգամ բարձրացվել էր Կոնվենցիայի 18-րդ հոդվածի խախտման հարցը: Այս հոդվածը նպատակ ունի արգելելու քաղաքական ընդդիմադիրների դեմ պետական իշխանության չարաշահումը: ՄԻԵԴ-ը Անդրեաս Ղուկասյանի գանգատին քննության առաջնահերթություն էր տվել, ինչը ենթադրում է, որ դատարանը պետք է կարճ ժամկետներում հարցեր ուղղեր ՀՀ կառավարությանը խախտումների վերաբերյալ: Այնուամենյանիվ, ավելի քան 12 ամիս անց Դատարանի կողմից ՀՀ Կառավարությանը հարցեր չէին առաջադրվել:

Հայտնելով իրենց մտահոգությունը այս առնչությամբ, 2018թ. մարտի 10-ին քաղաքացիական հասարակության մի շարք կազմակերպություններ հանդես եկան հայտարարությամբ, որով կոչ էին անում ՄԻԵԴ-ին հետևողականություն և պատասխանատվություն դրսևորել քաղաքական ենթատեքստ ունեցող գործերի քննության նկատմամբ, առավել ևս, երբ այդ գործերի քննության համար սահմանվել է առաջնահերթության կարգ, ասվում է «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» կազմակերպության հայտարարության մեջ:

Անդրեաս Ղուկասյանին ութ այլ անձանց հետ մեղադրանք է առաջադրվել 2016-ի հուլիսի 29-ին զանգվածային անկարգություններ կազմակերպելու և մասնակցելու համար: Սակայն ներկայումս միայն Ղուկասյանն է ենթարկվում վերոհիշյալ մեղադրանքով քրեական հետապնդման, որի նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանքը չի փոխվում, չնայած բազմաթիվ միջնորդություններին նա շարունակում է մնալ անազատության մեջ:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---