ՀՀ-ում կապույտ հազով հիվանդացությունն աճել է

ՀՀ-ում կապույտ հազով հիվանդացությունն աճել է

PanARMENIAN.Net - 2017-ի վերջից Հայաստանում դիտվում է կապույտ հազով հիվանդացության աճ: Կապույտ հազին բնորոշ է 3-4 տարին մեկ պարբերական աշխուժացումը: Վերջին ակտիվությունը գրանցվել էր 2013-2014 թվականներին:

Հիվանդացության պարբերական ակտիվացումը պայմանավորված է պատվաստումներում ուշ ընդգրկման, պատվաստումներից հրաժարման և թերի պատվաստված անձանց կուտակմամբ, ինչպես նաև բնակչության ակտիվ տեղաշարժով, ասվում է առողջապահության նախարարության մամուլի հաղորդագրության մեջ։

2018-ի սկզբին` հունվար-փետրվարին 2017 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ հանրապետությունում կապույտ հազի հիվանդացությունն աճել է 6 անգամ: Նշված ժամանակահատվածում արձանագրվել է կապույտ հազի 17 դեպք, որոնցից 13-ը (77%) չպատվաստված են, 1-ը (6%)՝ թերի պատվաստված: Կապույտ հազի դեպքերից 11-ը 0-1 տարեկան երեխաներ են: Գրանցվել է նաև կապույտ հազից 2 ամսական երեխայի մահվան 1 դեպք:

Հիվանդությունը հատկապես ծանր են տանում մինչև մեկ տարեկան երեխաները։ Նրանց մոտ հազը կարող է առաջացնել շնչառության կանգ։ Կապույտ հազին բնորոշ են այնպիսի բարդությունները, ինչպիսիք են թոքաբորբը, բրոնխիտը, էնցեֆալիտը (ուղեղի ախտահարումը), որոնք կարող են երեխայի հաշմանդամության պատճառ դառնալ։

Կապույտ հազի կանխարգելման միակ անվտանգ և արդյունավետ միջոցը պատվաստումն է: Միայն ժամանակին և լիարժեք իրականացված պատվաստումները կարող են կանխել հիվանդության առաջացումը և դրա հետևանքով առաջացած բարդությունները, ասվում է հաղորդագրության մեջ:

Կապույտ հազը մանրէային հիվանդություն է, այն փոխանցվում է օդակաթիլային ճանապարհով։ Հիվանդությունը սկսվում է ընդհանուր թուլությամբ, հազով, ջերմության բարձրացումով։ Աստիճանաբար հազը դառնում է նոպայազև, նոպայի վերջում ներշնչման ժամանակ երեխան ուժեղ հաչոցանման ձայն է հանում։ Հազն ուժեղանում է երեկոյան և գիշերային ժամերին։ Հազի նոպաների ընթացքում երեխաները լարված են, կարող են առաջանալ արյունազեղումներ մաշկի վրա, աչքի մեջ, հնարավոր են քթային արյունահոսություններ, ակամա միզարձակում և այլն։ Նոպայաձև հազի ժամանակ երեխան կարող է կապտել, այստեղից էլ հիվանդության անվանումն է։

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---