
Պետությունը աշակերտների և ուսանողների ռազմահայրենասիրական դաստիրակության իրականացման ռազմավարություն է մշակել: Համապատասխան նախագիծը տեղադրված է իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում:
Ռազմավարության մեջ նշվում է, որ ռազմահայրենասիրական դաստիարակության իրականացման գործընթացի կայուն զարգացման ապահովումը պայմանավորված է առաջին հերթին Հայաստանի առջև ծառացած ժամանակակից մարտահրավերներով, որոնց թվում է ընգրկվել նաև դպրոցահասակ երեխաների մոտ (հատկապես՝ ավագ դպրոցի) փողոցային արատավոր վարքագծի դրսևորումների աճը (փողոցային արատավոր բառամթերքի օգտագործումը և համապատասխան վարքագծի դրսևորումը) և օտար մշակութային արժեքներին հաղորդակից լինելու միտումը: Միևնույն ժամանակ նշվում է, որ ռազմավարությունը համամարդկային ու ազգային արժեքները գիտակցող և համապատասխան վարքագիծ դրսևորող քաղաքացու ձևավորմանն ուղղված գործընթաց է:
Որպես մարտահրավեր նշվում է նաև սեռական այլասերվածությունը, սակայն ռազմավարության մեջ հստակորեն չի ձևակերպվում հասկացությունը: Այլ մարտահրավերների թվում են, օրինակ, հայրենիքի պաշտպանությանը ոչ պատրաստակամ քաղաքացիների առկայությունը, զինվորական ծառայության և զինվորականի մասնագիտության հանդեպ գոյություն ունեցող անտարբերությունը, արտագաղթը, տնտեսության դանդաղ զարգացումը, թմրամոլությունը, թունամոլությունը։
Նշվում է նաև, որ ռազմավարության հիմնական նպատակը հայրենիքի պաշտպանությանը՝ ֆիզիկապես և հոգեպես պատրաստ քաղաքացի ձևավորելն է: