29 մարտի 2018 - 10:37 AMT
ՀՀ-ն և Հնդկաստանը կգործակցեն խաղաղապահության և ռազմական կրթության ոլորտներում

Ռազմական ոլորտում հայ-հնդկական համագործակցության հիմնական ուղղությունները լինելու են խաղաղապահությունը, ռազմական կրթությունը և վարժանքները: Այդ մասին ասվել է ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի և Հնդկաստանի պաշտպանության նախարարության պլանավորման և միջազգային համագործակցության հարցերով միացյալ քարտուղար Շամբու Կումարանի և ՀՀ-ում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Յոգեշվար Շանգվանիի հանդիպմանը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանության բնագավառում հայ-հնդկական համագործակցությանն առնչվող հարցեր, մասնավորապես` Հայաստանի և Հնդկաստանի պաշտպանության նախարարությունների ներկայացուցիչների միջև 2017թ. մայիս ամսին Նյու Դելիում տեղի ունեցած բանակցությունների ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման վերաբերյալ, հայտնում է ՊՆ մամուլի ծառայությունը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև ռազմատեխնիկական համագործակցությանն առնչվող հարցեր: