24 մարտի 2008 - 12:25 AMT
Կիպրոսում սկսվում է կղզու հունական եւ թուրքական մասերը բաժանող պատի ապամոնտաժումը
Կիպրոսում սկսվում է կղզու հունական եւ թուրքական մասերը բաժանող պատի ապամոնտաժումը: Պատի հատվածներից մեկը քանդվել է դեռեւս հինգշաբթի օրը` Լեդրա քաղաքում: Պատի ապամոնտաժումը, որը շատերը համեմատում են տխրահռչակ Բեռլինի պատի հետ, հնարավոր դարձավ կղզու հունական եւ թուրքական համայնքների միջեւ երկխոսությունը վերականգնելու վերաբերյալ պայմանավորվածության արդյունքում: Նիկոսիայի կենտրոնական Լեդրա փողոցը մինչ այժմ շարունակում է մնալ 1974 թվականին թուրքական զորքերի ներխուժումից ի վեր կիսված կղզու ողբերգական խորհրդանիշներից մեկը:

Առաջին անգամ Լեդրան բաժանվեց հարավային եւ հյուսիսային մասի 1958թ.: 2008թ. մարտի 21-ին կայացած Կիպրոսի նախագահ Դիմիտրիս Խրիստոֆիասի եւ կիպրոսցի թուրքերի առաջնորդ Մեհմեդ Ալի Թալաթի հանդիպման ժամանակ որոշվել է ոչ միայն ապամոնտաժել պատը, այլ նաեւ հսկիչ անցակետ բացել Նիկոսիայում: Դա պետք է նպաստի կղզու միավորման հարցի վերաբերյալ բանակցությունների վերսկսմանը:

Հիշեցնենք, որ 2004 թվականին կիպրոսցի թուրքերը հավանություն տվեցին ՄԱԿ-ի առաջարկած միավորման ծրագրին, սակայն կիպրոսցի հույները մերժեցին այն: Ընթացիկ տարվա հունվարին ընտրված կոմունիստ նախագահ Խրիստոֆիասը վճռականորեն է տրամադրված հյուսիսի հետ երկխոսության վերսկսմանը: