
ՀՀ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը ՀՀ քաղաքացիների համար ԵՄ մի շարք երկրների շենգեն վիզա ստանալու գործընթացը ռուս-թուրքական «ՎիզաՄետրիկ» ընկերությանը վերապահելու որոշման վերաբերյալ պարզաբանում ստանալու նպատակով դիմել է կառավարությանը: Այս մասին հանձանաժողովի նախագահը գրել է ֆեյսբուքյան իր էջում:
«Արձագանքելով մեր բազմաթիվ քաղաքացիների անհանգստությանը կապված ԵՄ մի շարք երկրների կողմից մուտքի արտոնագրման համար թուրքական կազմակերպությանը վերապահելու որոշման հետ՝ տեղեկացնում եմ, որ այսօր (մարտի 29-ին խմբ.) արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անունից գրավոր հարցադրումներով դիմել եմ ՀՀ կառավարությանը։ Ընթացքի մասին կտեղեկացնեմ լրացուցիչ»,- գրել է Արմեն Աշոտյանը։
Ավելի վաղ,ՀՀ-ում Գերմանիայի արտակարգ և լիազոր դեսպան Մաթիաս Քիսլերը հայտնել էր, որ 2018 թվականի ապրիլի 3-ից Հայաստանում Գերմանիայի, Բելգիայի, Նիդեռլանդների, Լյուքսեմբուրգի, Ավստրիայի և Շվեդիայի համար շենգենյան վիզայի դիմումները կընդունի ոչ թե Գերմանիայի դեսպանատունը, այլ «ՎիզաՄետրիկը», որը ռուս-թուրքական կոնսորցիում է:
Դեսպանը նշել էր, որ կազմակերպությունը գտնվում է Թուրքիայում: Նա վստահեցրել էր, որ այն երկարամյա փորձ ունի, այդ պատճառով էլ շահել է վիզայի ծառայություն մատուցելու մրցույթը: