Նալբանդյան. ՀՀ-ն բարձր է գնահատում Ֆրանսիայի ջանքերը ԼՂ կարգավորման ուղղությամբ

Նալբանդյան. ՀՀ-ն բարձր է գնահատում Ֆրանսիայի ջանքերը ԼՂ կարգավորման ուղղությամբ

PanARMENIAN.Net - Հայաստանը բարձր է գնահատում Ֆրանսիայի, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ մյուս երկրների՝ Ռուսաստանի և Միացյալ Նահանգների հետ գործադրվող ջանքերը՝ ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ: Այդ մասին հայտարարել է ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը՝ ընդունելով Ֆրանսիայի արտաքին գործերի պետքարտուղար Ժան-Բատիստ Լեմուանի գլխավորած պատվիրակությանը:

ՀՀ արտգործնախարարը զրուցակցին ներկայացրեց ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացի վերջին զարգացումները:

Հանդիպման ժամանակ նախարարը հայտնել է, որ Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովի նախապատրաստական աշխատանքներն ընթանում են ամբողջ թափով և ըստ հաստատված ժամանակացույցի՝ ՀՀ պետական բոլոր շահագրգիռ գերատեսչությունների և ՖՄԿ քարտուղարկության հետ սերտ համագործակցությամբ: Հանդիպմանը զրուցակիցները հանգամանալից քննարկումներ ունեցան հոկտեմբերի 7-12-ը Երևանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովի, արտգործնախարարների համաժողովի, մշտական խորհրդի, նաև հարակից միջոցառումների նախապատրաստական աշխատանքների վերաբերյալ, անդրադարձան գագաթաժողովի շրջանակներում ընդունվելիք փաստաթղթերին, ինչպես նաև նախատեսվող միջոցառումներին և քննարկումներին վերաբերող հարցերին:

Հանդիպման օրակարգում էին նաև հայ-ֆրանսիական առանձնաշնորհյալ հարաբերությունների օրակարգային մի շարք հարցեր: Զրուցակիցները երկուստեք գոհունակությամբ են նշել, որ հայ-ֆրասնիական երկկողմ համագործակցությունը շարունակական և համակողմանի զարգացում է ապրում՝ նշանավորվելով բազմաթիվ, այդ թվում` նախագահական փոխայցերով, միջխորհրդարանական կապերի սերտացմամբ, նոր բարեկամական կապերի հաստատմամբ՝ Հայաստանի և Ֆրանսիայի շրջանների ու քաղաքների միջև, տնտեսական համագործակցության խորացմամբ, Հայաստանում Ֆրանսիական բիզնեսի ներկայության ընդլայնմամբ, մշակութային և գիտակրթական կապերի ամրացմամբ։

Կողմերը քննարկել են նաև Եվրամիության հետ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի շրջանակներում բազմակողմ և երկկողմ ձևաչափերով համագործակցության համար ընձեռվող հնարավորությունները, հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը:

Հանդիպման ընթացքում արծարծվեցին միջազգային և տարածաշրջանային կարևորության մի շարք խնդիրներ։

Ֆրանսիայի ԱԳՆ պետքարտուղարին կընդունի նաև Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---