Քրդերի զանգվածային անկարգություններ Թուրքիայի հարավ-արեւելքում

PanARMENIAN.Net - Թուրքիայի հարավ-արեւելքում արձանագրվում են քրդերի զանգվածային անկարգություններ: Մի շարք շրջաններում, որտեղ քրդեր են բնակվում, չորրորդ օրը շարունակ անկարգություններ են գրանցվում: Փակ են գրեթե բոլոր խանութները, սննդի ձեռնարկություններն ու հաստատությունները, որոնք սպասարկում են տեղի ենթակառուցվածքը: Քրդերի ամբոխը հարձակվում է կառավարական շենքերի վրա, քարեր նետում ոստիկանների վրա: Ձերբակալված են տասնյակ մարդիկ, երկու հոգի զոհվել է, հարյուրից ավելին վիրավոր են: Անկարգությունների շրջան են տեղափոխվում ոստիկանության լրացուցիչ ուժեր եւ զրահատեխնիկա: Յուկսեկովկա քաղաքում ելույթներն ավարտվել են փոխհրաձգությամբ: Ակցիայի ժամանակ ցուցարարները մեղադրել են թուրքական իշխանություններին տարածաշրջանում բռնություն տարածելու մեջ եւ վանկարկել են, որ յուրաքանչյուր թուրք ծնվում է զինվոր դառնալու համար: Ցուցարարները դիմադրություն են ցույց տվել ոստիկանությանը, քարեր, փայտեր եւ պայթուցիկ նյութով շշեր են նետել ոստիկանների վրա: Ցուցարարներին ցրելու համար կիրառվել է արցունքաբեր գազ: Ցուցարարները կարգախոսներ են բարձրաձայնել ի պաշտպանություն Քրդական աշխատավորական կուսակցության` ՔԱԿ-ի եւ պաստառներ են պարզել կուսակցության խորհրդանիշներով: Օրինական կարգով գործող քրդամետ Ժողովրդավարական հասարակության կուսակցությունը դեմ է հանդես եկել ապօրինի ցույցերի կազմակերպմանը եւ հանդարտության կոչով դիմել քուրդ բնակչությանը, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---