Բաբայանը՝ ապրիլյան պատերազմի մասին. Աշխարհից սպասումներն ավելին էին

Բաբայանը՝ ապրիլյան պատերազմի մասին. Աշխարհից սպասումներն ավելին էին

PanARMENIAN.Net - Մի շարք պետություններ, մասնավորապես՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրները, քայլեր են կատարել, որպեսզիճնշում գործադրեն Ադրբեջանի վրա, սակայն, այս առումով միջազգային հանրությունից սպասումներն, իրականում, ավելին էին: Այդ մասին հայտարարել է Արցախի Հանրապետության նախագահի մամլո քարտուղար Դավիթ Բաբայանը՝ խոսելով 2016-ի ապրիլին Ադրբեջանի կողմից սանձազերծած ռազմական ագրեսիայի մասին:

Նրա խոսքով՝ ադրբեջանական ագրեսիան առաջին հերթին կանխվել է Արցախի պաշտպանության բանակի և Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնության շնորհիվ, իսկ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրները ոչ հրապարակային ձևով այս ուղղությամբ որոշակի քայլեր են ձեռնարկել, հայտնում է Արցախպրեսը:

«Կան երկրներ, որոնք ի վիճակի չէին զսպել ագրեսիան, իսկ որոշներն էլ, օրինակ՝ Թուրքիան, Պակիստանը, հակառակը, խրախուսում էին: Հետևաբար, միջազգային առումով ևս առկա է շահերի բախում, աշխարհաքաղաքական տարբեր մոտեցումներ և այլն: Այս ամենը ցույց է տալիս որ հնարավոր նոր ագրեսիայի դեպքում որևէ մեկի վրա հույս դնելն անիմաստ է: Մեր հաջողության գրավականն այսօր և միշտ պայմանավորված է մեր բանակի հզոր լինելով և համայն հայության համախմբվածությամբ»,- ասել է Բաբայանը:

Անդրադառնալով հարևան երկրի ռազմատենչ քաղաքականությանը՝ Բաբայանը նշել է, որ արդեն Երևանի և Զանգեզուրի մասին հավակնություններ հայտնող թշնամին այլընտրանք չի թողնում:

«Եթե Ադրբեջանը շարունակի իր ագրեսիվ քաղաքականությունը կրկին ռազմական գործողությունների վերածել՝ վտանգի տակ դնելով մեր երկրի անվտանգությունը, մեր բանակի կողմից ռազմական գործողությունների տեղափոխումը հակառակորդի տարածք անխուսափելի է լինելու: Ցավոք, ոչ թե երկու, այլ երեսուն տարի անց անգամ մեր թշնամին խաղաղության պարտադրանքը այլ կերպ չի ընկալել»,- հավելել է Բաբայանը:

2016-ի ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը ադրբեջանական կողմը Արցախի Հանրապետության նկատմամբ սկսել է լայնածավալ հարձակողական գործողություններ, կիրառել է իր զինանոցում եղած ռազմական տեխնիկայի գրեթե բոլոր հնարավոր տեսակները: Առավել թեժ մարտեր են ընթացել արցախա-ադրբեջանական շփման գծի հարավային (Հադրութ) և հյուսիսարևելյան (Մարտակերտ) ուղղություններում։ Հայկական կողմից զոհվել է ավելի քան 100 մարդ:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---