25 մարտի 2008 - 13:02 AMT
Վ. Պուտին. Մենք Հայաստանի եւ Ռուսաստանի երկկողմանի հարաբերությունների հետագա զարգացման հույս ունենք
Մոսկվայում այցով գտնվող Հայաստանի նորընտիր նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպել է Ռուսաստանի գործող նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, հաղորդում է Կրեմլի մամոլ ծառայությունը: «Նախ եւ առաջ, ցանկանում եմ շնորհավորել Ձեզ ընտրությունների արդյունքների կապակցությամբ: Գիտեմ, որ քաղաքական գործընթացները Հայաստանում բարդ են ընթանում, սակայն մենք հույս ունենք, որ ինչպես էլ զարգանա Հայաստանի ներքաղաքական գործընթացը, Հայաստանի եւ Ռուսաստանի Դաշնության երկկողմանի հարաբերություններում անցած տարիներին արձանագրած հաջողությունը կպահպանվի եւ կզարգանա ապագայում»,- հայտարարել է Վլադիմիր Պուտինը:
Իր հերթին, Սերժ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել Վլադիմիր Պուտինին Ռուսաստան այցելելու հրավերի համար: «Մենք միշտ զգացել ենք Զեր օգնությունը. եւ նախընտրական, եւ հետընտրական գործընթացում, ինչի համար ես իրոք շնորհակալ եմ: Ինձ եւ նախագահը, եւ մեր դեսպանը հաղորդել են Ձեր անձնական ուղերձները: Անկեղծ կլինեմ, մենք առաջ երբեք չէինք սպասում նման միանշանակ մոտեցում: Շնորհակալություն Ձեզ դրա համար: Իմ հերթին, եւս ցանկանում եմ շնորհավորել Ձեզ նախագահական հաջող ընտրարշավի կապակցությամբ: Մենք Դմիտրի Մեդվեդեւին գիտենք որպես Ձեր համախոհ, եւ Հայաստանում հուսով են, որ նա եւս կզարգացնի մեր հարաբերությունները: Մենք դրա կարիքն ունենք եւ կաշխատենք այդ ուղղությամբ»,- հայտարարել է Սերժ Սարգսյանը: