3 ապրիլի 2018 - 13:29 AMT
ԶԼՄ. Նեյմարը, «Ռեալից» բացի, դիտարկում է նաև ՄՅՈւ կամ «Սիթի» տեղափոխվելու տարբերակները

Ֆրանսիական ՊՍԺ ֆուտբոլային ակումբի բրազիլացի հարձակվող Նեյմարը նախկինի պես ցանկանում է հեռանալ ակումբից՝ նրա թիվ մեկ նպատակը «Ռեալ» տեղափոխվելն է:

Սակայն, եթե տեղափոխումը մադրիդյան ակումբ ինչ-ինչ պատճառներով չստացվի, 25-ամյա ֆուտբոլիստը որպես այլընտրանք դիտարկում է նաև «Մանչեսթեր Յունայթեդը» և «Մանչեսթեր Սիթին»:

Նեյմարն ավելի հակված է Խոսեպ Գվարդիոլայի թիմին, թեև «Օլդ Թրաֆորդում» նա ավելի մեծ հավանականությամբ կստանձնի առաջատարի դերը, գրում է Eurosport-ը Don Balon-ի վրա հղումով:

ՊՍԺ-ից Նեյմարի հեռանալու առանցքային հարցը գինն է: Ֆրանսիական ակումբը ֆուտբոլիստին գնել է «Բարսելոնայից» 222 մլն եվրոյով, իսկ վաճառքից ցանկանում է ստանալ 400 մլն եվրո: Բրազիլացու պայմանագրում հրաժարագին ամրագրված չէ:

ՊՍԺ կազմում Նեյմարը 29 գոլի հեղինակ է դարձել 30 պաշտոնական խաղում: Այժմ Նեյմարը Բրազիլիայում է՝ նա վերականգնվում է վնասվածքից հետո: