3 ապրիլի 2018 - 14:47 AMT
Հունվարի 3, 4 և 5-ը աշխատանքային դարձնելու հարցի քննարկումն ԱԺ-ում հետաձգվել է

ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովը քննարկում է Հայաստանում տոների և հիշատակի օրերի մասին օրենքում փոփոխություններ կատարելու հարցը: Կառավարությունն առաջարկել է նախածննդյան տոները որպես ոչ աշխատանքային օրեր հանել, ինչը պայմանավորված է սոցիալ-տնտեսական նպատակահարմարությամբ:

Առաջարկվում է, որ հունվարի 3, 4 և 5-ն աշխատանքային օրեր լինեն:

«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանին կառավարության կողմից ներկայացվող ակտերի հիմնավորումներն ազատ թեմայով շարադրություններ են հիշեցնում, հայտնում է Aysor.am-ը:

«Այդ հիմնավորումները սկսել են նմանվել ազատ թեմայով շարադրությունների: Ի՞նչ է նշանակում այն հիմնավորումը, թե կապահովի պետության սոցիալ-տնտեսական և ֆինանսական համակարգերի նորմալ կենսագործունեությունը: Երեք ոչ աշխատանքային օրերի հանումն ի՞նչ կապ ունի դրա հետ», - ասել է պատգամավորը՝ անդրադառնալով ՀՀ կառավարության առաջարկին:

Հարցով հիմնական զեկուցող ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Թադևոս Ավետիսյանը նկատել է, որ նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է Հայաստանյան տոնացույցում նախատեսել միայն հայ ժողովրդի ավանդույթներից բխող Ամանոր (Նավասարդ) և Ծննդյան տոները:

Նրա խոսքով՝ նախածննդյան տոները ոչ աշխատանքային հանդիսանալը նպատակահարմար չէ, քանի որ ամենամյա նվազագույն արձակուրդի տևողությունը հնգօրյա աշխատանքային շաբաթվա դեպքում 20 աշխատանքային օր է, որի ընթացքում պահպանվում է աշխատատեղը և վճարվում է միջին աշխատավարձը: «Սրան գումարենք 16 ոչ աշխատանքային օր` ազգային տոներ և հիշատակի օրեր, ստացվում է 36 վճարվող հանգստյան օր», - նշել է նա:

Հանձնաժողովի առաջարկությամբ կառավարության ներկայացուցիչը համաձայնել է հետաձգել հարցի քննարկումը:

Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ ԱՄՆ-ում աշխատողներն ընդհանրապես չունեն արձակուրդ՝ չհաշված մոտ 10 տոն օրերը, Մեծ Բրիտանիայում ազգային տոները կարող են ներառվել ընդհանուր վճարվող արձակուրդի օրերի մեջ, Լեհաստանում վճարվող արձակուրդի օրերի ընդհանուր թիվը հասնում է 26-ի, Ավստրիայում, Դանիայում, Ֆինլանդիայում, Ֆրանսիայում, Հունաստանում, Լյուքսեմբուրգում և Շվեդիայում դրանք 25-ն են:

«Ելնելով վերոգրյալից՝ ՀՀ աշխատանքային օրենսդրությամբ ՀՀ քաղաքացուն տրամադրվող վճարվող ոչ աշխատանքային օրերի թիվը արդեն իսկ գերազանցում է շատ զարգացած և առավելևս զագրացող երկրներում առկա վճարվող ոչ աշխատանքային օրերի թիվը», - ասվում է նախագծում։