«Բուրգեր Քինգում» ալկոհոլի վաճառքի թույլտվությունը լրացել էր 2017-ի դեկտեմբերին

«Բուրգեր Քինգում» ալկոհոլի վաճառքի թույլտվությունը լրացել էր 2017-ի դեկտեմբերին

PanARMENIAN.Net - «Բուրգեր Քինգ» արագ սննդի կետը 2017-ի նոյեմբերին, օրենքով սահմանված կարգով, ստացել էր ալկոհոլային խմիչքների վաճառքի թույլտվություն, որի ժամկետը լրացել է 2017-ի դեկտեմբերին: Դրանից հետո ընկերությունը դիմել է՝ թույլտվության ժամկետը երկարացնելու համար, սակայն առանց դիմումի պատասխանն ստանալու շարունակել ծառայության մատուցումը։ Այդ մասին ասվել է ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանի հրավիրած խորհրդակցության ժամանակ, որի նպատակն էր քննարկել «Բուրգեր Քինգ» սննդի կետում ապրիլի 2-ի երեկոյան տեղի ունեցած պայթյունի դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում ձեռնարկվող քննչական գործողությունները:

Խորհրդակցությանը մասնակցել են` ՀՀ ՔԿ նախագահի տեղակալ Արամ Թամազյանը, ՏՔՎԳՎ գլխավոր վարչության պետ Թաթուլ Պետրոսյանը, ԵՔՔՎ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնի պետ Վիգեն Մեսրոպյանը, ավագ քննիչ Գարիկ Նահապետյանը։ Պայթյունի դեպքի առթիվ ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 279-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, ստեղծվել է քննչական խումբ, մշակվել քննչական պլան, առգրավվել սննդի կետում առկա անվտանգության տեսանկարահանող սարքերի տեսագրությունները։ Տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացված 8 անձ ճանաչվել է տուժող:

Խորհրդակցության ընթացքում քննիչը ներկայացրել է հասարակական վայրում տեղի ունեցած պայթյունի պատճառները պարզելու ուղղությամբ ձեռնարկված քննչական գործողությունները, մշակված աշխատանքային վարկածները, դրանք ստուգելու ուղղությամբ կատարված աշխատանքների արդյունքները։ Նախնական վարկածի համաձայն՝ «Բուրգեր Քինգ» արագ սննդի կետում պայթել է գարեջրի ճնշումն ապահովող գլանատակառը, որի պատճառները պարզելու համար նշանակվել է պայթյունատեխնիկական փորձաքննություն։ ՀՀ ՔԿ նախագահը տվել է կոնկրետ հանձնարարականներ՝ քրեական գործի քննության բազմակողմանիությունը, լրիվությունն ու օբյեկտիվությունն ապահովելու ուղղությամբ անհրաժեշտ քննչական գործողությունները կատարելու վերաբերյալ, ասվում է Քննչական կոմիտեի հաղորդագրության մեջ:

Մասնավորապես՝ պարզել, թե արդյոք «Բուրգեր Քինգ» արագ սննդի կետն իրավունք ունե՞ր շարունակել ալկոհոլային խմիչքների վաճառքն առանց դիմումի պատասխան ստանալու, իրավասու մարմինների կողմից ի՞նչ ընթացք է տրվել դիմումին, և ինչո՞ւ դիմումատուն դրա քննարկման արդյունքների մասին չի տեղեկացվել, դիմումը ստանալուց հետո ալկոհոլի, այդ թվում՝ գարեջրի վաճառքն իրականացնելու համար ստուգվե՞լ են արդյոք սննդի կետում ստեղծված անհրաժեշտ պայմանները, գլանատակառի շահագործման համար կա՞ն նախատեսված անվտանգության ապահովման պայմաններ, թե՞ ոչ, եթե այո, ապա ո՞վ է պատասխանատու սննդի կետերում ստուգել դրանց առկայությունը, պահպանումը, ո՞վ է պատասխանատու սննդի կետում գլանատակառի մոնտաժման աշխատանքների, շահագործման անվտանգության համար և այլն։ Գլանատակառի պայթելու պատճառները և նպաստող պայմանները պարզելու համար մշակվել են մի քանի ենթավարկածներ, որոնց ուղղությամբ կատարվում են մեծածավալ քննչական գործողություններ։

ՀՀ ՔԿ նախագահը հանձնարարել է նախաքննության արդյունքների մասին պարբերաբար տեղեկատվություն տրամադրել հանրությանը՝ թույլատրելիության շրջանակներում՝ չվտանգելով օբյեկտիվ և բազմակողմանի քննության հետագա իրականացումը։

Հյուսիսային պողոտայում գտնվող «Բուրգեր Քինգ» սրճարանում ապրիլի 2-ին ժամը 20։40-ի սահմաններում պայթյուն է տեղի ունեցել։Պայթյունի հետևանքով «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն է տեղափոխվել 8 տուժած։Պարզվել է, որ Հյուսիսային պողոտայի թիվ 5 հասցեում գտնվող «Բուրգեր Քինգ» սահմանափակ պատասխանատվության ընկերության արագ սննդի կետի խոհանոցում տեղի է ունեցել ածխաթթու գազի (CO2) 20 կգ-անոց բալոնի պայթյուն:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---