25 մարտի 2008 - 17:13 AMT
Մեթյու Բրայզա. ԱՄՆ-ի կողմից Հայաստանին տրամադրվող օգնության սառեցման անհրաժեշտությունը կարող է վերանալ
«ԱՄՆ պետքարտուղար Քոնդոլիզա Ռայսը խոսում էր որոշ ծրագրեր դադարեցնելու մասին, այլ ոչ թե Հայաստանին ԱՄՆ-ի ողջ օգնության: Սակայն ԱՄՆ-ի կողմից Հայաստանին տրամադրվող օգնության սառեցման անհրաժեշտությունը կարող է վերանալ, քանի որ երկրի իշխանությունները դրական քայլեր են կատարել արտակարգ դրության վերացման ուղղությամբ»,- հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարի օգնականի տեղակալ Մեթյու Բրայզան: Նա հույս է հայտնել, որ ԱԴ-ի վերացումը Հայաստանին նոր փուլի կբերի, երբ կվերականգնվեն հիմնական ազատությունները եւ շարժումը դեպի ժողովրդավարություն: «Այն ժամանակ մենք կվերադառնանք մեր հարաբերությունների բոլոր կետերին: Ես նաեւ չեմ ցանկանում շահարկումներ կատարել «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագրի շրջանակներում օգնության հարցով: Ճիշտ է, ԱՄՆ-ի վերջնական որոշումը կախված է լինելու այն բանից` ինչ աստիճանով կվերականգնվեն Հայաստանում ժողովրդավարական ազատությունները: Սակայն ես հուսով եմ, որ ժողովրդավարական ազատությունները կվերականգնվեն ամբողջ ծավալով, եւ մենք կշարունակենք համագործակցությունը»,- ասել է Բրայզան Armenian Reporter-ին տված հարցազրույցում:

Հիշեցնենք, որ մարտի 20-ին ավարտվել է արտակարգ դրությունը Երեւանում, որը հայտարարվել էր մարտի 1-ին Հայաստանի նախագահի հրամանով 20-օրյա ժամկետով: