ՀՀ նախագահը Հռոմի պապին նվիրել է Սբ Գայանեի արծաթե մանրակերտը

ՀՀ նախագահը Հռոմի պապին նվիրել է Սբ Գայանեի արծաթե մանրակերտը

PanARMENIAN.Net - ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական այցը Սուրբ Աթոռ մեկնարկել է Նորին սրբություն Հռոմի պապ Ֆրանցիսկոսի հետ ապրիլի 5-ի առավոտյան տեղի ունեցած առանձնազրույցով:

Հանրապետության նախագահը շնորհակալություն է հայտնել քահանայապետին Հայաստանի և Վատիկանի միջև երկկողմ հարաբերություններին նրա նվիրվածության ու մշտական հոգածության, ձևավորված անկեղծ և ջերմ երկխոսության համար: Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ վերջին տարիների ընթացքում սա արդեն 5-րդ հանդիպումն է Նորին սրբության հետ, ինչն ինքնին խոսուն է:

Նախագահը Հռոմի Պապի հետ յուրաքանչյուր հանդիպում մեծագույն պատիվ է համարել և ջերմությամբ հիշել 2016թ. «Ուխտագնացություն դեպի առաջին քրիստոնյա երկիր» կարգախոսի ներքո Հայաստան կատարած նրա այցը, ինչպես նաև 2015թ. իր այցը Վատիկան և մասնակցությունը Սուրբ Պետրոսի տաճարում Նորին Սրբության կողմից մատուցված պատարագին, որը պատմական դարձավ նաև այն պատճառով, որ հայ ժողովրդի հանճարեղ զավակ սուրբ Գրիգոր Նարեկացուն շնորհվեց «Տիեզերական եկեղեցու վարդապետ» պատվավոր տիտղոսը և նա ճանաչվեց կաթողիկե եկեղեցու 36 մեծագույն մտածողներից մեկը:

Նշելով, որ կաթոլիկ աշխարհի սրտում՝ Վատիկանում, մեծ սրբերի կողքին այսուհետ վեր է խոյանալու նաև հայ ժողովրդի զավակ Սուրբ Գրիգոր Նարեկացու արձանը, որի բացմանն այսօր պատիվ կունենա մասնակցելու, Սերժ Սարգսյանը խորին երախտագիտություն է հայտնել Հռոմի պապին այդ որոշման համար և տեղեկացրել, որ արձանի մեկ օրինակ էլ տեղադրվելու է Էջմիածնում: Այդպիսով, Գրիգոր Նարեկացին ու նրա թողած ժառանգությունը, ըստ նախագահի, դառնում են քրիստոնյա երկու համայնքների համերաշխության հավերժական խորհրդանիշ, հայտնում է նախագահի մամուլի ծառայությունը:

Հանդիպման ավարտին տեղի է ունեցել նվերների փոխանակման արարողություն: Նախագահ Սերժ Սարգսյանը Հռոմի Պապին նվիրել է սուրբ Գայանե եկեղեցու արծաթե մանրակերտը: Հռոմի պապ Ֆրանցիսկոսը նախագահին նվիրել է վատիկանյան թանգարաններում պահվող Սուրբ ընտանիքը պատկերող քանդակի մարմարե կրկնօրինակը, ինչպես նաև իր հեղինակած վերջին երեք գրքերի օրինակները:

Նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպում է ունեցել նաև Սուրբ աթոռի պետական քարտուղար Պիետրո Պարոլինի հետ: Նախագահը հույս է հայտնել, որ պետքարտուղար Պարոլինը կշարունակի իր հոգածության ներքո պահել Հայաստանի հետ հարաբերությունների զարգացումը:

Զրուցակիցները քննարկել են երկկողմ հարաբերությունների ամրապնդման և զարգացման հետագա քայլերը, մտքեր փոխանակել տարածաշրջանային խնդիրների ու մարտահրավերների, ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորման բանակցային գործընթացի շուրջ: Սերժ Սարգսյանը Սուրբ աթոռի պետական քարտուղարին ներկայացրել է ԼՂ հիմնախնդրի կարգավորման վերջին զարգացումները: Զրուցակիցները երկուստեք կարևորել են ԼՂ հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորման անհրաժեշտությունը:

Հայաստան այցի շրջանակում Հռոմի պապը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի հուշահամալիր այցելելուց հետո այցելել է նաև Ծիծեռնակաբերդի Հիշողությունների պուրակ՝ օրհնել իր անվամբ տնկված եղևնին, որից հետո գրառում է կատարել Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի պատվո այցելուների գրքում: «Այստեղ աղոթում եմ՝ ցավը սրտիս մեջ, որպեսզի այլևս երբեք նման ողբերգություններ, ինչպիսին սա է, չկրկնվեն, որպեսզի մարդկությունը չմոռանա և իմանա չարությանը բարությամբ հաղթել:

Թող Աստված պարգևի սիրեցյալ հայ ժողովրդին և ամբողջ աշխարհին խաղաղություն և մխիթարություն: Աստված պահպանի հայ ժողովրդի հիշողությունը: Հիշողությունը չի կարելի ոչ պղտորել, ոչ մոռանալ: Հիշողությունը խաղաղության և ապագայի աղբյուրն է»,-գրել է Սրբազան քահանայապետը:

Ընթերցեք նաև. Ինչպես կհիշվի Պապի այցը. Քահանայապետը Հայաստանում՝ թվերով, կարևոր ու հետաքրքիր փաստերով

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---