Հարցում. 27,3%-ը վարչապետի պաշտոնում տեսնում է Կարապետյանին, 24,8%-ը՝ Սարգսյանին

Հարցում. 27,3%-ը վարչապետի պաշտոնում տեսնում է Կարապետյանին, 24,8%-ը՝ Սարգսյանին

PanARMENIAN.Net - GALLUP International association-ի Հայաստանում լիիրավ անդամ Էմ-Փի-ՋԻ ՍՊԸ-ն մարտի 20-30-ը Հայաստանում 1120 քաղաքացու շրջանում հարցում է անցկացրել, որի արդյունքում պարզվել է, որ վերջին ամիսներին նախագահի և կառավարության գործունեության նկատմամբ հասարակության մոտ դրական արձագանքներն աճել են։

Ըստ հարցման, հայաստանցիների 27,3%-ը վարչապետի պաշտոնում տեսնում է գործող վարչապետ Կարեն Կարապետյանին, 24,8%-ը՝ նախագահ Սերժ Սարգսյանին, հայտնում է Aysor.am-ը։

Հարցման մասնակիցները պատասխանել են հետևյալ հարցին՝ «Համաձայն ՀՀ նոր սահմանադրության՝ վարչապետի դերակատարումը ունի առավել մեծ կարևորություն, հաշվի առնելով վերոնշյալը՝ Հանրապետական կուսակցության հնարավոր թեկնածուներից ո՞ւմ կուզենայիք տեսնել ՀՀ վարչապետի պաշտոնում 2018 թվականի ապրիլի 9-ից հետո»:

8,6 տոկոսը վարչապետի պաշտոնում տեսնում է Վիգեն Սարգսյանին։ Ընդդիմությունից վարչապետի նախընտրելի թեկնածու 26,5 տոկոսը նշել է Գագիկ Ծառուկյանին, Նիկոլ Փաշինյանին՝ 15,3 տոկոսը։

«Նախագահի գործունեությունը դրական է գնահատել 29,6 տոկոսը, կառավարության աշխատանքը՝ 27,6 տոկոսը, ԱԺ աշխատանքը դրական է գնահատել 21,1 տոկոսը», - լրագրողների հետ հանդիպմանը՝ ամփոփելով ներքաղաքական զարգացումներին վերաբերող «Գարնանային կարճ սրացումներ կամ ով կկատարի կարապի երգը» թեմայով հարցումները, ասաց Էմ-Փի-ՋԻ ՍՊԸ-ի տնօրեն Արամ Նավասարդյանը,

Նավասարդյանն ընդգծել է, որ կառավարության աշխատանքի վերաբերյալ դրական գնահատականը բարձրացել է 20 տոկոսից՝ դառնալով 25 տոկոս, երբ Կարեն Կարապետյանը դարձել է վարչապետ։

«Նախագահի ցուցանիշները դրական վերականգնվել են սկսած 2017-ի նոյեմբերից։ Եթե նոյեմբերին 26,7 տոկոսն էր դրական գնահատում, հիմա 29,6 տոկոսն է նախագահի աշխատանքը գնահատում դրական», - նշել է Նավասարդյանը։

Ընդդիմությանն ամբողջությամբ վստահում է հարցվածների 4,9 տոկոսը, ավելի շուտ վստահում է 19,3 տոկոսը, ավելի շուտ չի վստահում 26,2 տոկոսը, ընդհանրապես չի վստահում 43,7 տոկոսը։

Ըստ ԱԺ Կանոնակարգ սահմանադրական օրենքի 140-րդ հոդվածի ՀՀ վարչապետն ընտրվում է անվանական քվեարկությամբ, պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ:Վարչապետ չընտրվելու դեպքում քվեարկությունից յոթ օր հետո անցկացվում է վարչապետի նոր ընտրություն, որին մասնակցելու իրավունք ունեն պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ երրորդի առաջադրած վարչապետի թեկնածուները:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---