26 մարտի 2008 - 13:55 AMT
Սերբիան Կոսովոն բաժանելու թույլտվություն չի ստանա
Սերբիան Կոսովոն ազգային հատկանիշով` ալբանացիների եւ սերբերի միջեւ երկու մասի բաժանելու թույլտվություն չի ստանա: Այդ մասին հայտարարել է Կոսովոյի վարչապետ Խաշիմ Տաչին: Նա հիշեցրել է, որ երկրամասի տարածքային ամբողջականությունն երաշխավորված է միջազգային հանրության կողմից: Նախօրեին Սերբիան հանդես եկավ առաջարկով` կիսել Կոսովոն երկու մասի ալբանացիների եւ սրբերի միջեւ: Առաջարկն ուղղվեց նաեւ ՄԱԿ, որի վերահսկողության տակ է գտնվում Կոսովոն 1992թ. ի վեր:

Բելգրադը պնդում է, որ կճանաչի Կոսովոյի իրավունքները ՄԱԿ-ում, սակայն հավելում է, որ միայն սերբերը, այլ ոչ թե Կոսովոյի ալբանացիները կարող են աշխատել ոստիկանությունում, դատարաններում եւ այն տարածքների սահմաններում, որտեղ սերբերը ազգային մեծամասնություն են կազմում, հաղորդում է «Ասոշիեյթիդ պրեսը»:

Հիշեցնենք, որ 2008թ. փետրվարի 17-ին Կոսովոյի խորհրդարանը վավերացրեց երկրամասի անկախության հռչակագիրը: Սերբական կառավարությունը կոչ արեց միջազգային հանրությանը չեղյալ հայտարարել բոլոր ապօրինի ակտերը, կապված Կոսովոյի անկախության միակողմանի հռչակման հետ: Այսօրվա դրությամբ Կոսովոյի անկախությունը ճանաչել են 30 երկրներ, այդ թվում ԱՄՆ-ն, Կանադան, Ճապոնիան, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, Գերմանիան, Իտալիան եւ Եվրամիության մի շարք պետություններ: Սերբական նահանգի անկախության ճանաչման դեմ են հանդես գալիս Ռուսաստանը, Իսպանիան եւ այլ երկրներ: