Մեծ արտապլանային զորավարժություն է անցկացվել

Մեծ արտապլանային զորավարժություն է անցկացվել

PanARMENIAN.Net - Ապրիլի 6-ին ՀՀ ԶՈւ զորամիավորումներից մեկը անցկացրել է մարտական հրաձգությամբ մեծ արտապլանային զորավարժություն։ Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:

Անցկացվել է զորավարժություն 2-րդ բանակային զորամիավորման ենթակա ստորաբաժանումների ներգրավմամբ:

Նա նշել է, որ զորավարժությունն աննախադեպ էր իր գործողությունների հանկարծակիությամբ, ուժերի, միջոցների և ընդգրկված զորատեսակների առումով։

«Զորավարժությունն անցկացվում էր բարձր լեռնային տեղանքում, բացառիկ սցենարով» ,-ասվում է գրառման մեջ։

Ապրիլի 6-ին զորավարժության կրակային փուլին հետևել են ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը, ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանը, բարձրաստիճան զինվորականներ, հայտնում է ՊՆ մամուլի ծառայությունը:

«Հակառակորդի հանկարծակի հարձակման դիմագրավումը և ոչնչացումը` կիրառելով նոր տեխնոլոգիաներ» թեմայով անցկացված զորավարժության նպատակն էր բանակային զորամիավորման զորամասերի, ուժեղացման և աջակցման ուժերի և միջոցների մարտական պատրաստականության բարձր աստիճանների բերման իրատեսության ստուգումը հակառակորդի հանկարծակի հարձակման պայմաններում, կառավարման մարմինների ներդաշնակվածության մակարդակի բարձրացումը: Զորավարժության ընթացքում հստակեցվել են նաև զորամիավորման պատասխանատվության գոտում պաշտպանության կազմակերպման և անվտանգության ապահովման հարցերը:

Համաձայն զորավարժության սցենարի` զորավարժարանում խաղարկվել են պայմանական հակառակորդի հարվածային խմբավորումների և հատուկ նշանակության ստորաբաժանումների հանկարծակի հարձակումը հետ մղելու գործողություններ:

Բանակային զորամիավորումն ուժեղացման միջոցներով և ուժերով վարել է օջախային պաշտպանական մարտական գործողություններ, մարտավարական և բանակային ավիացիայի հարվածներով ու հրետանու կրակով խոցել հակառակորդի հատուկ նշանակության ստորաբաժանումները, հայտնաբերված պահեստազորը, օբյեկտներն ու նշանակետերը, վերականգնել դրությունը` հակառակորդին ստիպելով կնքել կրակի դադարեցման համաձայնագիր:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---