Արմեն Սարգսյան. Պետք է ներդրումներ անենք գիտության, նոր տեխնոլոգիաների, կրթության ու մշակույթի ոլորտներում

Արմեն Սարգսյան. Պետք է ներդրումներ անենք գիտության, նոր տեխնոլոգիաների, կրթության ու մշակույթի ոլորտներում

PanARMENIAN.Net - Այսօրվա և վաղվա նկատմամբ հավատն ու վստահությունը, տնտեսությունն աշխուժացնելու հստակ տեսլականը և դրա շոշափելի արդյունքները կարող են ոչ միայն խթանել տնտեսական աճը, ներքին և արտաքին ներդրումների հոսքը, այլև արգելակել արտագաղթը, առավել՝ Հայրենիք վերադարձնել մեր հայրենակիցներից շատերին: Այդ մասին հայտարարել է ՀՀ չորրորդ նախագահ Արմեն Սարգսյանը՝ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում Ազգային ժողովի հատուկ նիստում ստանձնելով ՀՀ նախագահի պաշտոնը:

«Աշխարհը, ուր ապրում ենք մենք և ապրելու են մեր երեխաները, փոփոխվում է շատ արագ, վերածվում մրցակցության հսկայական դաշտի: Մենք պետք է դրան պատրաստ լինենք, ներդրումներ անենք գիտության, նոր տեխնոլոգիաների, կրթության ու մշակույթի ոլորտներում։ Կապ հաստատենք աշխարհի լավագույն գիտական, կրթական և հետազոտական կենտրոնների հետ՝ Արևմուտքից Արևելք, Հյուսիսից Հարավ։ Ներգրավենք նոր գաղափարներ, փոխառնենք լավագույն փորձը: Եվ այս ամենի հիման վրա ստեղծենք մեր յուրօրինակ լուծումները և դրանք առաջարկենք աշխարհին»,-ասել է նախագահը:

«Ես մեծապես գնահատում եմ այն վիթխարի աշխատանքը, որ մեր ժողովրդի տոկունության, համբերության և հերոսության շնորհիվ` ու, շատ հաճախ, նաև նրա մեծ զրկանքների գնով, վերջին երեք տասնամյակի ընթացքում կատարվել է Հանրապետության երեք նախագահների՝ Լևոն Տեր-Պետրոսյանի, Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի ղեկավարությամբ:

Ժամանակն, իհարկե, լիակատար գնահատական կտա մեր անցած ուղուն, սակայն այսօր իսկ կարելի է ամենայն անաչառությամբ և վստահությամբ ասել, որ ԽՍՀՄ փլուզման պայմաններում, Սպիտակի ավերիչ երկրաշարժի, Արցախի գոյամարտի, քայքայված տնտեսության ու շրջափակման պայմաններում, այնուամենայնիվ, մեզ հաջողվել է ստեղծել պետական կուռ համակարգով, բաց հասարակության գաղափարով և համամարդկային արժեքներով առաջնորդվող երկիր: Երկիր, որն, իրավամբ վայելում է համաշխարհային հանրության հարգանքը և վստահելի գործընկերոջ համբավը: Հակառակ դեռևս առկա խնդիրներին, սա պատմական շատ կարևոր ձեռքբերում է »,-ասել է նախագահը, հայտնում է նախագահի մամուլի ծառայությունը:

Նա հավելել է, որ հանուն այդպիսի Հայաստանի՝ մենք պետք է ապահովենք մեր քաղաքացու ինքնադրսևորման համար լավագույն միջավայրը: «Միասին պետք է հետևողական պայքար մղենք պետական համակարգում, հասարակության մեջ, մեր շրջապատում առկա բոլոր բացասական և արատավոր երևույթների դեմ: Կոռուպցիայից մինչև սոցիալական անարդարություն, անտարբերությունից մինչև անպատասխանատվություն: Այս անզիջում և արդար պայքարում մեզանից յուրաքանչյուրի դերակատարումը անհրաժեշտ է»:

Նա նշել է, որ ինչքան էլ գրավիչ և տեսականորեն հիմնավոր լինեն լուսավոր ապագայի խոստումները, մարդիկ ուզում են իրենց առօրյայում այսօր տեսնել դրանց պտուղները և նրանք իրավացի են:

Արմեն Սարգսյանը վստահ է, որ մենք կհաջողենք, եթե ոչ միայն քննադատենք, այլ նաև լուծումներ առաջարկենք, եթե, ջրբաժաններ ստեղծելու փոխարեն, համախմբվենք և աշխատենք միասին:

Նախագահը երդվել է՝ ձեռքը դնելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության մայր օրինակին և Վեհամոր ավետարանին:

Նախագահի երդմնակալությունից հետո կառավարությունը հրաժարական կտա, մինչև ապրիլի 17-ը ԱԺ-ում կառաջադրվեն վարչապետի թեկնածուներ և տեղի կունենա վարչապետի ընտրությունը:

 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---