11 ապրիլի 2018 - 13:23 AMT
ԱԱԾ-ն ապօրինի միգրացիա կազմակերպող խմբեր է բացահայտել. 33 անձ ներգրավվել է որպես մեղադրյալ

ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայությունը 2017-ին բացահայտել և խափանել է անօրինական միգրացիայի կազմակերպման ուղիներ: ՀՀ և օտարերկրյա պետությունների քաղաքացիներից բաղկացած հանցավոր խմբերը փորձել են կեղծ փաստաթղթերի ու տեղեկությունների ներկայացմամբ միջինասիական և Մերձավոր Արևելքի երկրների քաղաքացիներին Հայաստանի տարածքով տեղափոխել Շենգենյան համաձայնության երկրներ, ԱՄՆ, Թուրքիա կամ օտարերկրյա այլ պետություններ, ինչպես նաև կազմակերպել են Հայաստանի քաղաքացիների ելքը Հայաստանից և մուտքը նշված պետություններ:

Նույն գործառույթների իրականացման արդյունքում բացահայտվել են նաև կեղծ փաստաթղթերի և տեղեկությունների ներկայացմամբ ՀՀ անօրինական միգրանտների գտնվելը և ժամանակավոր կացության կարգավիճակ ստանալը կազմակերպելու դեպքեր։

Հիշյալ դեպքերի վերաբերյալ Ազգային անվտանգության ծառայության քննչական վարչությունում քննված քրեական գործերով անօրինական միգրացիայի կազմակերպման կամ դրան օժանդակելու մեղադրանքով 33 անձ ներգրավվել է որպես մեղադրյալ, այդ թվում՝ ՀՀ 25 և օտարերկրյա պետությունների 8 քաղաքացի։

Նրանցից 19-ի վերաբերյալ քրեական գործերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են դատարան, 2-ի նկատմամբ հայտարարվել է հետախուզում, իսկ 12-ի վերաբերյալ քրեական գործերով նախաքննությունը շարունակվում է, հայտնում է Ազգային անվտանգության ծառայությունը։

Քրեական գործերով հաստատված փաստական տվյալների համաձայն՝ առավել տարածված են եղել հատկապես դեպի Շենգենյան համաձայնության երկրներ և Թուրքիա օտարերկրյա քաղաքացիների անօրինական միգրացիայի կազմակերպման դեպքերը։ Միգրանտների տեղափոխումն իրականացվել է շահադիտական նպատակներով՝ 350-10.000 դոլարի դիմաց, տարանցման պատշաճ թույլտվություն ստանալու համար անհրաժեշտ փաստաթղթերը, մուտքի արտոնագրերը, կացության քարտերը կամ անձնագրերը Հայաստանում, իսկ գերակշռող դեպքերում՝ օտարերկրյա պետություններում կեղծելով։ Առանձին դեպքերում անօրինական միգրանտների ելքը ՀՀ կազմակերպվել է պետական սահմանի անցման կետերը շրջանցելու եղանակով։

Բացահայտված դեպքերից մեկով անդրազգային հանցավոր խմբի անդամները, համապատասխան վարձատրության դիմաց, Հայաստանի տարածքն օգտագործել են Թուրքիայից արտաքսված Ուզբեկստանի և Ղրղզստանի քաղաքացիների վերադարձը նույն երկիր կազմակերպելու նպատակով։

Մասնավորապես՝ ՀՀ-ում, Իրանի և Թուրքիայի գործող հանցավոր խմբի անդամների մշակած ծրագրի համաձայն՝ Թուրքիայից իրենց ծագման երկրներ արտաքսված միջինասիական հանրապետությունների քաղաքացիներն իրենց օրինական անձնագրերով, օդային տրանսպորտով ժամանել են Հայաստան, որտեղ նրանց լուսանկարներով պատրաստվել են ՀՀ քաղաքացու կեղծ անձնագրեր։ Այնուհետև հիշյալ օտարերկրացիները, «Զվարթնոց» օդանավակայանում ներկայացնելով իրենց օրինական անձնագրերը, հանցավոր խմբի անդամի ուղեկցությամբ մեկնել են Ստամբուլ, որտեղ ներկայացրել են վերջինիս կողմից իրենց հանձնված ՀՀ քաղաքացու հիշյալ կեղծ անձնագրերը և նման եղանակով մուտք գործել Թուրքիա:

Հանցավոր խումբը նույն եղանակով նախաձեռնել է նաև Թուրքիայից արտաքսված միջինասիական երկրների ևս երկու քաղաքացիների տարանցումը Հայաստանի տարածքով, որը, սակայն, ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ խափանվել է. 2018-ի հունվարի 15-ին անօրինական միգրանտներն ու նրանց ուղեկցող ՀՀ քաղաքացին՝ վերջիններիս լուսանկարներով ՀՀ քաղաքացու կեղծ անձնագրերով, ՀՀ պետական սահմանի անցման կետից բերման են ենթարկվել։

Նշված դեպքի առթիվ հարուցված քրեական գործով ձեռք բերված բավարար ապացույցների համակցության հիման վրա՝ մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ իրացնելու նպատակով իրավունք վերապահող պաշտոնական փաստաթուղթ կեղծելու և ՀՀ տարածքով երկու կամ ավելի անձանց տարանցումը (տեղափոխումը) շահադիտական նպատակով կազմակերպելու համար ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի 2-րդ մասով և 329.1-րդ հոդ-վածի 3-րդ մասի 1-ին, 2-րդ կետերով մեղադրանքներ են առաջադրվել հանցավոր խմբի երեք անդամների։

Նույն ժամանակահատվածում բացահայտված՝ կեղծ փաստաթղթերի օգտագործմամբ ՀՀ-ում կացություն հաստատելու նպատակով անօրինական միգրացիայի կազմակերպման դեպքերից մեկի վերաբերյալ քննվող քրեական գործի նախաքննությամբ էլ պարզվել է, որ ՀՀ փաստաբանների պալատի փաստաբան Է.Մ-ն, համապատասխան վարձատրության դիմաց, օտարերկրացիների կողմից ՀՀ-ում ժամանակավոր կացության կարգավիճակ ձեռք բերելու համար անհրաժեշտ՝ «Օտարերկրացիների մասին» ՀՀ օրենքով պահանջվող աշխատանքային կամ ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու հանգամանքները հավաստող փաստաթղթային հիմքեր ստեղծելու համար, 2016-2017թթ. ընթացքում վերջիններիս անվամբ ՀՀ ԱՆ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալությունում գրանցել է շինծու կազմակերպություններ կամ նրանց հետ կնքել աշխատանքային ձևական պայմանագրեր, որոնք այնուհետև ներկայացվել են ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչություն, և դրանց հիման վրա այդ օտարերկրացիներին տրվել է ՀՀ-ում կացության կարգավիճակ։

Հիշյալ քրեական գործով բավարար ապացույցներ են ձեռք բերվել Իրանի 8 և Ուկրաինայի 1 քաղաքացիների անօրինական միգրացիայի կազմակերպման վերաբերյալ։ Բացի այդ, Է.Մ-ի գրասենյակում կատարված խուզարկությամբ հայտնաբերվել և առգրավվել են ևս 32 կազմակերպության կնիքներ, որոնց օգտագործմամբ Հայաստանում Ժամանակավոր կացության կարգավիճակ տալու համար հիմք հանդիսացող փաստաթղթեր են տրվել ևս 40 օտարերկրացու, հիմնականում՝ Իրանի և Հնդկաստանի քաղաքացիների։

Է.Մ-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 329.1-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (երկու կամ ավելի անձանց անօրինական միգրացիայի կազմակերպումը), և նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը։

Ինչպես վերոհիշյալ, այնպես էլ հասարակական և ազգային անվտանգությանն ու տնտեսական կայունությանը սպառնալիք ներկայացնող անօրինական միգրացիայի բոլոր դեպքերով Ազգային անվտանգության ծառայությունը, ակտիվ ներգրավված լինելով միջազգային պայմանագրերից բխող՝ անօրինական միգրացիան կանխելու նպատակով մշակված համատեղ ծրագրերում, մշտապես համագործակցել է այլ պետությունների գործընկեր հատուկ ծառայությունների հետ, ապահովել է անհրաժեշտ տեղեկատվության փոխանակում անօրինական միգրանտների մուտքի, ելքի և տարանցման երկրների իրավասու մարմինների հետ։

ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայությունը նախազգուշացնում է, որ անօրինական միգրացիայի կազմակերպման դեմ տարվող պայքարը կրում է հետևողական բնույթ, նմանօրինակ դեպքերը կանխելուն, ուղիները խափանելուն ուղղված անհրաժեշտ միջոցառումները ձեռնարկվելու են շարունակաբար, իսկ մեղավոր անձանց նկատմամբ կիրառվելու են քրեաիրավական ներգործության միջոցներ։