11 ապրիլի 2018 - 15:17 AMT
Ասյա Խաչատրյանի պնդումների փաստով քրգործ է հարուցվել

Արցախի գլխավոր դատախազության հատուկ քննչական բաժնում Ասյա Խաչատրյանի պնդումների փաստով քրեական գործ է հարուցվել, հայտնում է Արցախպրեսն ԱՀ գլխավոր դատախազության վրա հղումով:

Աղբյուրի հաղորդմամբ՝ 2018-ի ապրիլի 6-ին ԱՀ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից ԱՀ գլխավոր դատախազություն ստացվել էր գրություն` Երևան քաղաքի բնակչուհի Ասյա Խաչատրյանի պնդումների վերաբերյալ տվյալները քրեական վարույթի շրջանակներում ստուգելու մասին:

Տվյալ նյութերի հիման վրա ապրիլի 10-ին ԱՀ գլխավոր դատախազության հատուկ քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ` ԱՀ քրեական օրենսգրքի 323-րդ հոդվածի 2-րդ մասով (Պաշտոնեական լիազորություններն անցնելը` զուգորդված բռնության գործադրմամբ) նախատեսված հանցագործության հատկանիշներով:

Ավելի վաղ Երևանի բնակիչ Ասյա Խաչատրյանը պատմել էր, որ փետրվարի սկզբում Արցախում աշխատանքով գտնվելու ընթացքում 3 օր շարունակ խնդիրներ է ունեցել տեղի իրավապահ մարմինների հետ՝ հանդիպելով նրանց կողմից պաշտոնական դիրքի չարաշահմանն ու բռնության: Աղջկա խոսքերով՝ այդ բոլոր խնդիրները նրա կապույտ մազերի և փողոցում ծխելու պատճառով էին: